Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ թանկացել են. «Ներդրողի բրիֆ 26.09.24»

ԱՄՆ սպառողների վստահությունը սեպտեմբերին գրանցել է ամենամեծ անկումը վերջին երեք տարիների ընթացքում։ Սպառողների վստահության ինդեքսը նվազել է մինչև 98,7, մինչդեռ օգոստոսին այն 105,6 էր։ Սա տեղի է ունեցել աշխատաշուկայի հետ կապված աճող մտավախությունների ֆոնին։ Ներկայում ԱՄՆ–ում գործազրկության մակարդակը 4.2% է։

Ամերիկյան Conference Board վերլուծական կենտրոնի հրապարակած հարցումը նաև ցույց է տվել, որ սպառողները հաջորդ տարվա համար գնաճի ավելացում են  կանխատեսում, ինչը նվազեցնում է տնտեսության նկատմամբ նրանց լավատեսությունը նոյեմբերին 5–ի նախագահական ընտրություններին ընդառաջ։ Ենթադրվում է, որ հենց տնտեսությունը կարող է վճռել ընտրությունների ելքը։

Այդուհանդերձ, ըստ  հարցման արդյունքների` աճել է այն տնային տնտեսությունների թիվը, որոնք ծրագրում են տուն գնել առաջիկա վեց ամիսների ընթացքում, սպառողները չեն հրաժարվում ճամփորդություններից, ռեստորաններում ընթրելուց եւ կինոթատրոններ հաճախելուց, ինչը կարող է օգնել պահպանելու սպառողական ծախսերի մակարդակը և տնտեսական աճը:

Հուլիսին ԱՄՆ–ում առանձնատների գներն աճել են  0,1%-ով։ Չնայած սրան՝ անշարժ գույքի շուկայում դանդաղման միտումը պահպանվում է։ Այս տարվա հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ, առանձնատների գներն աճել են 4,5 տոկոսով, ինչը 2023–ի հուլիսից հետո գրանցված ամենափոքր աճն է։

Տնտեսագետները անշարժ գույքի շուկայում գնաճի դանդաղումը բացատրում են առաջարկի աճով եւ հիփոթեքային տոկոսադրույքների նվազեցմամբ։ Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են՝ հասնելով 1/2 տարվա նվազագույնին։ Ընդ որում, հնարավոր է դրանք շարունակեն նվազել այն բանից հետո, երբ Դաշնային պահուստային համակարգն անցյալ շաբաթ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից կես տոկոսային կետով՝ հասցնելով 4,75%-5,00% միջակայքի:


ԱՄՆ-ում բիզնես ակտիվությունը սեպտեմբերին կայուն է եղել։ S&P Global-ը երկուշաբթի հայտնեց, որ արտադրական և ծառայությունների ոլորտների իր PMI ինդեքսը սեպտեմբերին փոքր-ինչ փոխվել է՝ 54,4՝  օգոստոսի 54,6-ի համեմատ: 50-ից բարձր ցուցանիշը վկայում է մասնավոր հատվածի ընդլայնման մասին: Սակայն ապրանքների և ծառայությունների միջին գներն աճել են վերջին վեց ամսվա ընթացքում ամենաարագ տեմպերով, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կարող է ավելանալ։


Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազեցվի 0,25%-ական կետերով՝ հասնելով 4,25-4,5%-ի։ Նման կարծիք է հայտնել Reuters-ի հարցմանը մասնակցած տնտեսագետների ճնշող մեծամասնությունը։

Տնտեսագետների կարծիքով՝ հաջորդ տարվա ընթացքում Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը կնվազեցնի ևս 1 տոկոսային կետով՝ տարվա վերջում հասցնելով չեզոք՝ 3,25-3,5%-ի։


ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի էական նվազեցումից հետո մեծացել է հավանականությունը, որ Եվրոպական կենտրոնական բանկը հոկտեմբերին կշարունակի մեղմել իր դրամավարկային քաղաքականությունը։ ԵԿԲ-ն արդեն երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հունիսին և սեպտեմբերի սկզբին։ Բանկում շատերն ակնարկել են, որ առաջիկայում տոկոսադրույքի կայուն եռամսյակային նվազեցումներ կլինեն՝ գնաճի երկարաժամկետ զսպումը երաշխավորելու նպատակով։ Եվրագոտու գնաճը, որն այժմ կազմում է 2,2%, տարեվերջին կարող է հասնել մինչև 2,5%–ի։ Տնտեսագետները ենթադրում են, որ ԵԿԲ–ն վեց անգամ 25 բազային կետով նվազեցում կանի, մինչև կհասնի չեզոք տոկոսադրույքի մակարդակին՝ 2.0% կամ 2.25%–ի սահմանում։


S&P 500 and Dow Jones-ը երեքշաբթի օրը փակվել են ռեկորդային բարձր ցուցանիշով՝ չնայած սպառողների վստահության ցածր ցուցանիշներին։ S&P 500-ը աճել է 0,25%-ով,  Dow Jones Industrial Average-ը՝ 0,20%-ով, Nasdaq Composite-ը՝ 0,56%-ով։ Սրան նպաստել է Չինաստանի հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերի գների աճը, այն բանից հետո, երբ Չինաստանի կենտրոնական բանկը հայտարարեց կորոնավիրուսի համավարակից ի վեր պետական ամենախոշոր խթանիչ փաթեթը գործարկելու մասին։


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կանխատեսումով՝ համաշխարհային տնտեսությունը 2024 թվականին կաճի 3,2%-ով․ նույնքան աճ է կանխատեսվում նաև հաջորդ տարվա համար։ Ավելի վաղ կազմակերպությունը 2024 թվականի համար հավանական էր համար 3,1% աճը։

Կազմակերպության գնահատականով՝ համաշխարհային տնտեսության աճը կայունացման փուլում է, քանի որ մարում է վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացման ազդեցությունը, իսկ գնաճի նվազումը մեծացրել է տնային տնտեսությունների եկամուտները։


Tesla-ի (TSLA) բաժնետոմսերը երկուշաբթի թանկացել են գրեթե 5%-ով՝ հասնելով 250,00 դոլարի: Նույն օրը Barclays-ը հայտարարել է, որ էլեկտրամոբիլների արտադրողը լավ հնարավորություն ունի երրորդ եռամսյակի արդյունքով մեքենաների մատակարարման սպասվածից ավելի ցուցանիշներ ունենալու համար։ Սա բացատրվում է մակրոտնտեսական պայմանների բարելավմամբ և Tesla-ի երկրորդ ամենամեծ շուկայում՝ Չինաստանում, էլեկտրամոբիլների պահանջարկի վերականգնումով։


NVIDIA-ի սեփականատեր Ջենսեն Հուանգը ավարտել է ընկերության՝ իր ընդհանուր 700 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնետոմսերի վաճառքը, ինչը համապատախանում է նախապես հայտարարված ծրագրին, որի համաձայն Հուանգը պլանավորում է մինչև 2025 թվականի վերջ վաճառել 6 միլիոն բաժնետոմս։ Վաճառքի վերջին փուլում Հուանգը վաճառել է 120,000 բաժնետոմս՝ 14,3 միլիոն դոլար արժողությամբ։ Այս նորության ֆոնին երեքշաբթի NVIDIA-ի բաժնետոմսերի գինը երեքշաբթի աճել է 4 տոկոսով։


Սեպտեմբերի 24–ին Intel-ը ներկայացրեց արհեստական բանականությամբ երկու նոր չիպ։ Xeon 6 պրոցեսորը և Gaudi 3 արհեստական բանականությամբ արագացուցիչը խոստանում են բարելավված կատարողականություն և էներգաարդյունավետություն։ Այս կերպ Intel–ը փորձում է ապացուցել, որ կարող է խոշոր խաղացող լինել արհեստական բանականության ոլորտում, նաեւ շուկա գողանալ իր հիմնական մրցակիցներ AMD–ից եւ Nvidia–ից։

Ավելի վաղ Wall Street Journal–ը տեղեկացրել էր, որ Qualcomm –ը դիտարկում է Intel-ի ձեռքբերման հնարավորությունը՝ իր սեփական չիպերի բիզնեսը խթանելու նպատակով: Միաժամանակ, Bloomberg-ը հայտնել էր, որ Apollo Global Management-ը մտադիր է բազմամիլիարդանոց ներդրում կատարել Intel-ի մեջ՝ աջակցելով ընկերության գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերի հայտարարած ընկերության ամբողջական վերափոխման խոշոր ծրագրին:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Comments (0)
Add Comment