Meta-ն ցուցադրել է իր Orion ընդլայնված իրականության խելացի ակնոցի նախատիպը, որն ավելի պակաս ծավալ ունի, քան այլ AR սարքերի մեծ մասը: Նորույթն առաջարկում է տեղեկատվության հոլոգրաֆիկ ցուցադրում ակնոցի ապակու վրա, ինչպես նաև ունի արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված գործառույթներ։ Սարքի՝ սպառողական տարբերակը նախատեսվում է թողարկել շուտով։
Ըստ ընկերության՝ Orion-ը «ընդլայնված իրականության երբևէ ստեղծված ամենաառաջադեմ ակնոցն է» և «գրեթե բոլոր բնագավառներում ժամանակակից հաշվարկների բեկումնային գյուտերի» արդյունքը։ Սարքի գլխավոր առանձնահատկություններից մեկը, գրում է Engadget-ը, ակնոցի վրա հոլոգրամներ ցուցադրելու համար փոքր պրոյեկտորների օգտագործումն էր։ Ի տարբերություն նախորդ AR սարքերի, ինչպիսիք են Magic Leap-ը, Microsoft HoloLens-ը կամ Google Glass-ը՝ Orion ակնոցը շատ ավելի քիչ ծավալ ունի և օգտատիրոջը չի կտրում արտաքին աշխարհից, ինչպես դա տեղի է ունենում VR սարքերի դեպքում:
Meta-ն պնդում է, որ Orion-ը թեթև է և աշխատում է ինչպես փակ տարածություններում, այնպես էլ դրսում: Ակնոցը թույլ է տալիս ստեղծել «թվային փորձառություններ սմարթֆոնի էկրանի սահմաններից դուրս»՝ հոլոգրաֆիկ տարրերը տարածելով իրական աշխարհի վրա: Օգտագործվում են միկրո լուսադիոդային պրոյեկտորներ՝ պատկերներն ալիքատարների միջոցով սիլիցիումա-կարբիդային ոսպնյակների վրա տարածելու համար:
Բացի դրանից՝ Orion-ում ինտեգրված է Meta AI արհեստական բանականության համակարգը: Օրինակ, եթե ակնոցով նայեք ձեր սառնարանին, ապա ԱԲ օգնականին կարող եք խնդրել, որպեսզի այնտեղ առկա ապրանքների հիման վրա որևէ ճաշատեսակի բաղադրատոմս առաջարկի: Կան նաև ավելի պարզ, օգտակար գործառույթներ, ինչպիսիք են խոսքի միաժամանակյա թարգմանությունը: Ակնոցը հագեցած է անլար մոդուլով, որը մշակում է տվյալների մեծ մասը և հաղորդումներն ու բովանդակությունը փոխանցում սարքին: Հեռակառավարման վահանակը բավականին կոմպակտ է, ուստի այն հարմար կլինի կրել գրպանում։
Meta-ն պնդում է, որ Orion-ն ունի ամենամեծ տեսադաշտը (մոտ 70 աստիճան) այսօր առկա ամենափոքր AR ակնոցում։ Այս տեսադաշտը թույլ է տալիս իսկապես ընկղմվող փորձառություն ունենալ Orion ակնոցով՝ բազմաֆունկցիոնալ պատուհաններից և մեծ էկրանով ժամանցից մինչև մարդկանց իրական չափի հոլոգրամներ: Ակնոցն ունի աչքի հետագծման աջակցություն, այնպես որ, դրանք կարելի է կառավարել աչքերի շարժումներով: Ակնոցի հետ զուգակցվում է նաև Էլեկտրամիոգրաֆիայի սենսորով հատուկ ապարանջան, որն ավելացնում է ժեստերի կառավարումը:
Orion-ով հնարավոր է տեսազանգեր կատարել, Facebook Messenger-ում և WhatsApp-ում հաղորդագրություններ դիտել և ուղարկել: Meta-ի տրամադրած պատկերներում երևում են նաև տարբեր հավելվածների հոլոգրաֆիկ տարբերակները, ինչպիսիք են Spotify-ը, YouTube-ը և Pinterest-ը:
Այս պահին Orion-ը հասանելի է միայն Meta-ի աշխատակիցներին և ընտրված լսարանին (փորձարկողներին), որպեսզի վերջնական տեսքի բերեն արտադրանքը մինչև սերիական թողարկման մեկնարկը: Ընկերությունն ընդգծում է, որ սա միայն հետազոտական նախատիպ չէ, այլ Meta-ի ամենալավ մշակված նախատիպերից մեկն է և իսկապես ներկայացնում է պրոդուկտ, որը կարող է զանգվածաբար թողարկվել սպառողների համար:
Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն իր հերթին ասել է, որ սարքի վրա հետագա աշխատանքի նպատակներից մեկը դրա արժեքը նվազեցնելն է, որպեսզի այն ավելի մեծ լսարանի հասանելի լինի։