Ամերիկահայ հայտնի ռեժիսոր, «Էմմիի» դափնեկիր Մայքլ Գուրջյանը Հայաստանում է Global Armenian Summit-ի շրջանակում, եւ նա օգտագործում է իր ժամանակը Հայաստանն օր օրի բացահայտելու համար: Ռեժիսորը եղել է Սեւանում, Դիլիջանում եւ այլ տեսարժան վայրերում, ասում է՝ հայրենիք գալը միշտ էլ սպասված առիթ է: NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում Գուրջյանն անդրադարձել է իր այցին, «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանն ու Քըրք Դուգլասի հետ բացառիկ զրույցին:
«Սիրում եմ քայլել քաղաքի կենտրոնում, քանի որ երբ նկարահանում էինք «Ամերիկացին», քովիդով պայմանավորված կարանտինի մեջ էինք, եւ միայն կարելի էր դուրս գալ մարզվելու համար. այդպես, ամեն օր դուրս էի գալիս վազելու, եւ ինձ դա հիշեցնում է այստեղ անցկացրած այդ ժամանակաշրջանի մասին»,-անդրադառնալով իր երեւանյան առօրյային պատմում է նա։
Ռեժիսորի «Ամերիկացի» ֆիլմը, որը նկարահանվել է Արման Նշանյանի «People of Ar» եւ «Ava Films» հայաստանյան պրոդյուսերական ընկերությունների կողմից, պատմություն կերտեց՝ դառնալով առաջին հայկական ֆիլմը «Օսկարի» shorlist-ում: Մայքլի խոսքով՝ ֆիլմերի հաջողությունը կանխատեսելը դժվար է, բայց նա վստահ էր՝ «Ամերիկացի»-ն հատուկ ֆիլմ է՝ կարեւոր ասելիքով:
«Ես միշտ կարծել եմ, որ կարեւոր է ստեղծել հայկական ֆիլմեր, որոնք կընդունվեն նաեւ այլազգիների կողմից: Իհարկե, պետք է նաեւ ստեղծել հենց հայերի համար ֆիլմեր, բայց «Օսկարի» ու դրսի ուշադրության համար, որքան շատ լինեն պատմություններ, որոնք առնչվեն նաեւ ուրիշներին, այնքան նախագիծը կհաջողվի»:
Ռեժիսորն առաջին անգամ էր աշխատում հայկական թիմի հետ, որն այս դեպքում գլխավորում էր պրոդյուեր Արման Նշանյանը: Նրա խոսքով՝ ֆիլմի հաջողությունը թիմի լավ աշխատանքի արդյունքում է եղել:
«Քովիդով պայմանավորված իրավիճակն անսովոր էր, բայց, ի վերջո, ամեն ինչ շատ հատուկ ստացվեց, եւ յուրաքանչյուրը շատ բան տվեց ֆիլմին, ինչը պայմանավորված էր նաեւ այն ամենով, ինչի միջով մենք անցանք: Այստեղի անձնակազմի եւ դերասանների հետ աշխատելն անսովոր էր, քանի որ ես հայերեն դեռ չեմ խոսում (բայց հիմա աշխատում եմ դրա շուրջ): Մենք ժամանակի ընթացքում լեզու գտանք, ինչն օգնեց աշխատանքի ու հաղորդակցման հարցում»:
Սա առաջին դեպքը չէ, երբ Մայքլը ֆիլմում հանդես է գալիս թե որպես ռեժիսոր, թե որպես գլխավոր դերակատար: Նա նաեւ հանդիսանում է 2004 թ-ին էկրաններ բարձրացած «Պատրանք» ֆիլմի ռեժիսորը, որտեղ նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասի հետ: Գուրջյանը հիշում է՝ ժամանակին հենց Դուգլասն է ոգեշնչել իրեն, որ ֆիլմի տեսքով անդրադառնա իր արմատներին:
«Նա ինձ քաջալերեց, որ ֆիլմ ստեղծեմ իմ նախնիների պատմության մասին: Նա շատ լավ տեղեկացված էր հայկական համայնքի մասին եւ միշտ պատրաստ էր աջակցել: Ինձ մի անգամ ասաց, որ 1960-ականներին իրեն առաջարկել էին մասնակցել Աթաթուրքի մասին ֆիլմի նկարահանումներին, բայց հրաժարվել է: Նա կյանքից հեռացավ այն ժամանակ, երբ մենք սկսում էինք մեր ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, ես նրան ավելի վաղ ուղարկել էի սցենարը, եւ նա ինձ ոգեւորում էր գալ ու նկարահանել այն»:
Մայքլի հայկական արմատները հոր կողմից են: Նրա նախնիները Հայոց ցեղասպանության ականատեսներից էին: Ռեժիսորը շատ պատմություններ գիտի. ասում է՝ ցեղասպանության մասին ֆիլմերն օգնում են մարդկանց իմանալ իրողության մասին, բայց նաեւ կարծում է՝ պետք է կարողանալ անդրադառնալ մեր ապագային:
«Ես հույսս դնում եմ հայ երիտասարդների վրա, ցանկանում եմ տեսնել պատմություններ, որոնք թարմ են եւ այն մասին են, թե որտեղ ենք հիմա եւ ուր ենք գնում: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ պահպանել մեր պատմությունը ֆիլմերի միջոցով: Կարծում եմ՝ հայերը դեռ պատմություն են կերտելու»:
Դերասանն ունի նաեւ շոտլանդական ու ամերիկյան արմատներ՝ մոր կողմից, բայց ասում է՝ երբ ունես հայկական արյուն, այն միշտ գլուխ է բարձրացնում:
«Երբ բաժակ են բարձրացնում կենաց ասելու, ես միանգամից ոգեւորվում եմ, սիրում եմ հայկական խոհանոցը, ընկերասիրությունը: Գուցե այստեղ ապրողները չհասկանան, թե որքան հատուկ է այդ ամենը՝ ապրելու ու ներկա լինելու, կյանքից հաճույք ստանալու կարողությունը, ինչը այլ վայրերում չես զգում: Կարծում եմ՝ հենց դա է հայկականը»:
Մայքլը ափսոսում է, որ չի հասցրել տեսնել Արցախը՝ այն գողտրիկ վայրը, որի մասին հաճախ է լսել, բայց հույս ունի՝ մի օր կկարողանա լրացնել այդ բացը:
«Հնարավորություն ունեի գնալու այնտեղ մինչեւ 2020 թ-ի պատերազմը, բայց կարճ ժամանակով էի եկել ու մտածեցի՝ հաջորդ անգամ կստացվի… Ցավոք, հիմա դա հնարավոր չէ. ես լսել եմ, որ շատ գեղեցիկ է այնտեղ, եւ պարզապես հրաշք կլիներ այն տեսնելը»:
Ներկա պահին Գուրջյանը հայկական նախագծի շուրջ չի աշխատում, զբաղված է ամերիկյան շուկայում իր գործունեությամբ, բայց ասում է՝ չի կարող պատահել, որ եւս մեկ անգամ այստեղ ֆիլմ չնկարահանի, ապագա ծրագրերում դա, վստահորեն, մտնում է.
«Հիմա այլ բանի շուրջ եմ աշխատում, որը կապ չունի Հայաստանի հետ, բայց անհնարին է, որ չվերադառնամ այստեղ նոր ֆիլմով: Ինձ այստեղ աշխատելը շատ է դուր եկել: Գուցե սա, պարզապես, պատճառ է նաեւ, որ գամ ու որոշ ժամանակ մնամ Հայաստանում»,-ժպիտով հավելում է նա։
Մայքլ Գուրջյանի հետ մեր զրույցը՝ NEWS.am STYLE-ի տեսանյութում: