Amazon-ը գործարկել է արհեստական բանականության (ԱԲ) նոր գործիք, որը նախատեսված է արագ գովազդային հոլովակներ ստեղծելու համար: Video Generator-ը, որը ներկայացվել է Accelerate համաժողովի ժամանակ, թույլ է տալիս ապրանքի միայն մեկ պատկերը վերածել գրավիչ տեսանյութի, որում ցուցադրվում են արտադրանքի առանձնահատկությունները:
Ինչպես գրում է TechCrunch-ը, թեև գործիքի ֆունկցիոնալությունը դեռ սահմանափակ է, այն արդեն թույլ է տալիս ստեղծել հատուկ տեսանյութեր՝ առանց հավելյալ ծախսերի։ «Video Generator-ով ստեղծված տեսանյութերն օգտագործում են մանրածախ առևտրի մասին Amazon-ի եզակի գիտելիքները և ներկայացնում են ապրանքն այնպես, որ այն առավել գրավիչ դարձնի հաճախորդների համար»,- ասվում է ընկերության բլոգում:
Տեսանյութերի գեներատորը ներկայումս բետա փորձարկման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով գովազդատուների ԱՄՆ-ում: Amazon Ads-ի փոխնախագահ Ջեյ Ռիչմանն ասել է, որ գործիքը կկատարելագործվի նախքան այն կներկայացվի ավելի լայն շրջանակի։
Video Generator-ում ներառված է նաև Live Image գործառույթը, որը ստատիկ պատկերներից ստեղծում է կարճ անիմացիոն GIF ձևաչափի ֆայլեր: Այս գործառույթը, որը ներկայումս բետա տարբերակում է, Image Generator-ի՝ Amazon-ի՝ ԱԲ-ով աշխատող պատկերների ստեղծման գործիքների փաթեթի մաս է կազմում:
Amazon-ի մուտքը գեներատիվ վիդեո շուկա տեղի է ունենում այլ ընկերությունների կողմից այս տեխնոլոգիայի ակտիվ զարգացման ֆոնին։ Մասնավորապես, Runway և Luma ստարտափները վերջերս գործարկեցին API-ներ վիդեո ստեղծման համար, Google-ը սկսել է ինտեգրել իր Veo մոդելը YouTube Shorts-ում, Adobe-ն խոստանում է մինչև տարեվերջ ավելացնել տեսանյութերի ստեղծման գործառույթը Creative Suite-ում, իսկ OpenAI-ը նախատեսում է մինչև աշնան վերջ իր Sora տեխնոլոգիան հասանելի դարձնել լայն հանրությանը:
Amazon-ը դեռ չի ներկայացրել նոր գործիքների միջոցով ստեղծված տեսանյութերի օրինակներ կամ մանրամասներ չի հայտնել ստեղծված տեսանյութերի առավելագույն երկարության և որակի մասին: