Հայտնի գինու քննադատ,բազմաթիվ հոդվածների հեղինակ և Los Angeles Times-ի նախկին սյունակագիր Դեն Բերգերն իր տպավորություններն է ներկայացրել գինու աշխարհում նոր հայտնագործության՝ հայկական գինու մասին։ Իր հոդվածում նա բացատրում է, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը և խաղողի նոր տեսակներ գտնելու անհրաժեշտությունը գինեգործների համար անսովոր, բայց հետաքրքիր այլընտրանքներ բացում: Բերգերի համար այս անսպասելի հայտնագործություններից մեկը Հայաստանից գինին էր։
Հայաստանը կարող է թվալ անհավանական տարածաշրջան համաշխարհային մակարդակի գինու արտադրության համար, բայց ինչպես գրում է Բերգերը Creators.com-ում, այն ունի մոլորակի ամենահին գինի արտադրող մշակույթներից մեկը: Արենի-1 քարանձավի հնագիտական գտածոներ, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին, ցույց են տալիս, որ ժամանակակից Հայաստանի տարածքում արդեն գոյություն է ունեցել գինեգործության զարգացած մշակույթ։
Բերգերի խոսքով՝ ինքը հաճելիորեն զարմացել է, երբ համտեսել է Խաչեն ապրանքանիշի արտադրած «Արենի» խաղողի սորտի կարմիր գինին։ Նա նկարագրում է այն որպես միջին կազմվածքի գինի՝ մանուշակի և սև պղպեղի վառ բույրերով։ «Դա անհավանական բան էր»,- իր տպավորությունն է կիսում Բերգերը։ Հայաստանի Վայոց ձորի մարզում մշակվող այս խաղողի տեսակը կարող է կարևոր տարր դառնալ գինեգործների համար, որոնք փնտրում են կլիմայի փոփոխության պայմաններում դիմացկուն սորտեր:
Լոսանջելեսցի Ալեք Արունյանին պատկանող Խաչեն ապրանքանիշը հայկական գինեգործության վերածննդի վառ օրինակներից է։ Բերգերը նշում է, որ Արունյանի ծրագիրը սկսվել է հենց 2021 թվականին և արդեն ներառում է 18 ակր խաղողի այգիներ, որոնք հիմնականում արտադրում են Արենի։ Արունյանը նախատեսում է ընդլայնել գինու գիծը՝ ավելացնելով վարդագույն և սպիտակ գինիներ հայկական հազվագյուտ Ոսկեհատ տեսակից: Ներկայումս Խաչենի գինիները դեռ հասանելի չեն ամերիկյան շուկայում, սակայն Բերգերը հույս ունի, որ դա շուտով կփոխվի։
Նա նաև օրինակներ է բերում այլ տարածաշրջաններից, օրինակ՝ Բորդոյից, որտեղ գինեգործներն արդեն փորձարկում են խաղողի նոր տեսակները՝ փորձելով հարմարվել նոր պայմաններին: Այնուամենայնիվ, Հայաստանն, ինչպես նշում է Բերգերը, արդեն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ կլիմայական բարդ պայմաններին հարմարեցված յուրահատուկ և կայուն գինիներ առաջարկելու համար։
Բերգերն ընդգծում է, որ հայկական գինիների իր հայտնագործությունն իր համար իսկական բացահայտում էր. «Իմ խորհուրդը գինու սիրահարներին՝ լինել համարձակ և պատրաստ բացահայտումների, խուսափել միապաղաղությունից, ձգտել բացահայտել նոր բաներ»,-գրում է նա: