Ֆարել Ուիլյամսը կարծում է, որ հանրահայտ մարդիկ չպետք է միջամտեն քաղաքականությանը. «Ձայններդ կտրեք, ձեզ ոչ ոք չի հարցնում»

Ֆարել Ուիլյամսը կարծում է, որ հանրահայտ մարդիկ չպետք է միջամտեն քաղաքականությանը։

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Իրականում ինձ երբեմն զայրացնում է, երբ ես տեսնում եմ, թե ինչպես են հանրահայտ մարդիկ փորձում մատնանշել մեզ, թե ում ձայն տանք»,- ասել է նա Hollywood Reporter-ի հարցազրույցում։ «Կան հայտնի մարդիկ, որոնց ես հարգում եմ եւ որոնք իրենց կարծիքն ունեն։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր ասում են. «Ձեր ինչ գործն է։ Ձայններդ կտրեք։ Ձեզ ոչ ոք չի հարցնում»։

Զարմանալի չէ, որ Ուիլյամսը չի նշել, թե ում է քվեարկելու, թեեւ ասել է քմծիծաղով. «Վստահ չեմ, որ երբեւէ կքվեարկեմ ծայրահեղ աջերի օգտին»։

«Գրեմմիի» մրցանակակրի հարցազրույցը հրապարակվել է այն բանից մեկ օր հետո, երբ Թեյլոր Սվիֆթը ցնցել էր քաղաքական աշխարհը՝ աջակցելով Քամալա Հարիսին նախագահի պաշտոնում, միաժամանակ դատապարտելով արհեստական բանականության ստեղծած լուսանկարը, որտեղ նա իբր աջակցում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Թեեւ 34-ամյա փոփ-աստղը, գուցե, ամենաազդեցիկ հանրահայտ մարդն է, որը հրապարակայնորեն աջակցել է 2024թ. նախագահական ընտրությունների թեկնածուին, նա բնավ առաջինը չէ, որ արել է դա։ Օլիվիա Ռոդրիգոն, Ջորջ Քլունին, Բարբրա Սթրեյզանդը, Ջոն Լեջենդը, Ռոզի Օ՛Դոնելը, Ջեյմի Լի Քյորտիսը, Ռոբերտ դե Նիրոն եւ հոլիվուդյան շատ ուրիշ աստղեր նույնպես հայտնել են, որ աջակցում են փոխնախագահ Հարիսին։

Մինչդեռ Սավաննա Քրիսլին, Ռոզաննա Բարը, Քիդ Ռոքը, Հալք Հոգանը եւ Իլոն Մասկը նրանց թվում են, ովքեր կողմ են Սպիտակ տանը Թրամփի երկրորդ ժամկետին։

Comments (0)
Add Comment