Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է ավելի քան 3%-ով այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ընկերության նոր iPhone 16 շարքի սմարթֆոնները մեծ պահանջարկ չունեն և դրանց նախապատվերներն ավելի քիչ են, քան անցած տարի թողարկված iPhone 15-ի դեպքում։
Այնուամենայնիվ, արհեստական բանականությամբ աշխատող Apple Intelligence-ի շատ գովազդված հնարավորությունները կներկայացվեն առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում՝ նոր iOS 18 օպերացիոն համակարգի թողարկմամբ, և Apple-ը հուսով է, որ Apple Intelligence-ի գործարկումը կվերակենդանացնի iPhone-ի համաշխարհային պահանջարկը։
Citi-ի վերլուծաբանները նշել են, որ նոր iPhone 16-ի նախապատվերի առաքման ժամկետներն ավելի կարճ են, քան անցյալ տարի iPhone 15-ի թողարկման ժամանակ։ «Հատկանշական է, որ iPhone 15-ի նախնական պատվերների առաջին օրվա համեմատ, iPhone 16-ի առաքման ժամկետները միջինը մեկ շաբաթով ավելի կարճ են»,- ասել են ընկերությունից:
«Առաքման ժամանակներն ամենաերկարն են Pro Max մոդելների համար, որին հաջորդում է Pro-ն, և սպառողները նախընտրում են ներկառուցված հիշողության ավելի բարձր տարբերակներ՝ 256 ԳԲ և 512 ԳԲ մոդելների համար առաքման ժամկետներն ավելի երկար են»,- հավելել են Citi-ից:
Jefferies ընկերության վերլուծաբանները ևս նշել են, որ սպառողները նվազ հետաքրքրություն են ցուցաբերում այս շարքի սմարթֆոններին, հատկապես ԱՄՆ-ում, և հավելել, որ iPhone 16-ի որոշ մոդելներ գրեթե անմիջապես կարելի է գնել խանութներում։
Միևնույն ժամանակ, Apple-ի թայվանաբնակ վերլուծաբան Մինգ-Չի Կուոն ասել է, որ iPhone 16 շարքի պրեզենտացիայից հետո առաջին իսկ հանգստյան օրերին ընկերությունը մոտ 37 միլիոն նոր iPhone 16 է վաճառել, ինչը 12,7%-ով պակաս է անցյալ տարվա iPhone 15-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ: