Երևանի սրտում՝ Մաշտոցի 45 հասցեում գտնվող VINO&VINO ալկոհոլի մասնագիտացված խանութի համտեսի սրահը արդեն բաց է գինեսերների համար։
Մաշտոցի 45 հասցեն ոչ միայն վայր է, որտեղ կարելի է գինի գնել, այլ նաև տարածք, որտեղ գինու ամեն կաթիլում բացահայտվում է գինեգործության արվեստը։ Այստեղ հանդիպում են նրբաճաշակ և մանրուքների նկատմամբ ուշադիր գինու տների ավանդույթներն ու մշակույթը: Նրբագեղ ոճով նախագծված ինտերիերը համատեղում է արդիականությունն ու դասականությունը՝ ընդգծելով Vino&Vino-ի՝ մայրաքաղաքի գինու մշակույթի գլխավոր կենտրոններից մեկի կարգավիճակը:
Vino&Vino-ի մթնոլորտը՝ որպես գինեգործության աշխարհին ծանոթանալու վայր, առավել ընդգծվեց Bodega Del Fin Del Mundo արգենտինական գինիների համտեսմամբ, որը սեպտեմբերի 10-ին անցկացրեց անձամբ Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը՝ ընկերության սեփականատերը և նախագահը, որն ընտանեկան գինեգործության ավանդույթների պահապանն է: Նախքան միջոցառման սկսվելը, նա սիրով համաձայնեց կարճ զրույցի և ներկայացրեց իր անձնական և ընտանեկան պատմությունը․
«Ես Արգենտինայում իմ ընտանիքի չորրորդ սերունդն եմ, մեր արմատները Հայաստանից են։ Իմ նախապապերը, սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների նման, ցեղասպանությունից փրկվելով հաստատվել են Արգենտինայում: Իմ մեծ հորեղբայրն է սկսել զբաղվել գինեգործությամբ, և այդ ժամանակվանից գինին դարձել է մեր ընտանիքի պատմության անբաժանելի մասը: Երկրի անկախացումից հետո վերադարձանք Հայաստան։ Մեծ հորեղբայրս ցանկանում էր իր ներդրումն ունենալ Հայաստանի վերածննդի գործում, և հենց այդ ժամանակ առաջացավ գինեգործության գաղափարը։ Նա հիշեց աստվածաշնչյան պատմությունը Նոյի մասին, որը տապանով ճանապարհորդությունից հետո տնկեց առաջին խաղողի որթը: Սա ոգեշնչեց նրան խաղողի այգիներ ստեղծել այստեղ՝ Արարատի ստորոտում։ Այսպես մեր ընտանիքը հիմնադրեց Կարաս գինեգործարանը։Մեր ընտանիքը սկսեց նաև գինի արտադրել Արգենտինայում, Պատագոնիայում։ Եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ այն իրոք գտնվում է աշխարհի ծայրին: Մենք ձեռք բերեցինք Fin del Mundo գինեգործարանը և առաջացավ «Where the Begining Meets the End խորագիրը՝ կապելով աշխարհի գինեգործության օրրանը աշխարհի ծայրի հետ։ Այդ ժամանակից սա մի նախագիծ է, որով ես հպարտանում եմ, և որը շարունակում եմ ղեկավարել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արգենտինայում»:
Այս հուզիչ պատմությունից հետո սկսվեց համտեսը, որը խոստանում էր անմոռանալի ճանապարհորդություն դառնալ դեպի արգենտինական գինիների աշխարհ։
Bodega Del Fin Del Mundo գինիները Պատագոնիայի բնակլիմայական պայմանների ու տերուարի վառ արտահայտումն են գինիների տեսքով։ Ուժեղ քամիների, շոգ ցերեկների և ցրտաշունչ գիշերների շնորհիվ խաղողը ստանում է յուրահատուկ համահոտային հատկանիշներ, որոնք երեկոյի հյուրերը բացահայտեցին համտեսի ընթացքում։
Նախ՝ հյուրերին հյուրասիրեցին հրաշալի վարդագույն փրփրուն գինի: Թեթև և շողշողացող այս ըմպելիքը երեկոյի կատարյալ սկիզբը դարձավ՝ ներկաներին շփման և համային բացահայտումների գայթակղության տրամադրելով:
Երեկոյի առաջին սպիտակ գինին Fin Del Mundo Patagonia Chardonnay-ն էր՝ խաղողի այս տեսակի դասական ներկայացուցիչը, որն անմիջապես գրավեց հյուրերի ուշադրությունը իր թարմ ցիտրուսային երանգներով և համային նրբագեղ ներդաշնակությամբ: Սակայն առավել մեծ հետաքրքրություն առաջացրեց Finka Andranik սահմանափակ հավաքածուի գինին։ Խուլիանայի մերձավոր անձի պատվին անվանված այս գինին ոչ միայն բացառիկ որակ, այլև խորը անձնական կապ էր կրում: Այն ստեղծվել է մի մարդու պատվին, որի հիշատակը սուրբ է նրա համար, և յուրաքանչյուր կում անելիս հյուրերը զգում էին, թե ինչպես է ընտանեկան պատմությունը միահյուսվում գինեգործության արվեստի հետ:
Սպիտակ գինիներից հետո հերթը հասավ երեք կարմիրներին։ Առաջինը Fin Del Mundo Malbec-ն էր՝ արգենտինական գինեգործության մարմնացումն իր հարուստ մրգային երանգներով և թավշյա տանիններով: Այս Malbec-ը ծնունդով Պատագոնիայից է, և նրա խորը համը լիովին արտացոլում է տեղական կլիմայի և հողի առանձնահատկությունը:
Այնուհետև ներկայացվեց Fin Del Mundo Syrah-ը՝ Finca La Suprina սահմանափակ հավաքածուից: Այս գինին երեկոյի հերթական գլուխգործոցներից էր, որի յուրաքանչյուր կումում սև պղպեղի, շոկոլադի և հասած հատապտուղների նուրբ երանգներ էին զգացվում: Այս հավաքածուի Syrah-ը զարմացրեց հյուրերին իր բարդ կառուցվածքով և տևական հետհամով:
Երեկոյի գագաթնակետը Del Fin Del Mundo Special Blend-ն էր, որի վառ երանգով ավարտվեց համտեսումը: Այս յուրահատուկ բլենդը, որում խաղողի մի քանի տեսակներ են համատեղված, դարձավ Family Wine Estate գինեգործների վարպետության ճշմարիտ արտացոլումը: Հենց այսպիսի գինիներն են իսկապես յուրահատուկ դարձնում VINO&VINO-ի համտեսումները. այստեղ դուք կարող եք ոչ միայն փորձել ինչ-որ հազվագյուտ բան, այլև սկզբնաղբյուրից լսել յուրաքանչյուր խմիչքի ստեղծման պատմությունը:
Նման ցանկացած երեկոյի կարևոր մասը ոչ միայն գինիներն են, այլև շուրջը տիրող մթնոլորտը: Այստեղ կարևորը ոչ միայն հազվագյուտ և եզակի գինիներ համտեսելու հնարավորությունն է, այլև հենց միջավայրը. սկզբում միանգամայն իրար անծանոթ հյուրերը առաջին գավաթներից հետո սկսեցին աշխուժորեն քննարկել համի նրբերանգները՝ փորձելով գուշակել թնդությունը և թաքնված բույրերը: Գինին մերձեցնում է, իսկ նման համտեսումները պատահական այցելուներին համախոհներ են դարձնում, որոնք կիսվում են իրենց տպավորություններով ու գիտելիքներով:
Bodega Del Fin Del Mundo գինիները կարող եք ձեռք բերել VINO&VINO-ի բոլոր խանութ-սրահներից կամ պատվիրել առցանց այս հղումով։