Մինչև տարեվերջ Apple-ը ևս 7 սարք կներկայացնի

Apple-ը պատրաստվում է առաջիկա շաբաթներին ևս մեկ շնորհանդես անցկացնել, որի ժամանակ առնվազն յոթ նոր սարք կներկայացվի, տեղեկացնում է հայտնի ինսայդեր և Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։

Այս պահին նոր սարքերը հայտնի են միայն կատալոգային համարներով, սակայն Գուրմանը բացատրել է, թե դրանցից որն ինչ սարք է։ Այսպիսով, J604 կոդային անունով սարքը բազային մակարդակի 14 դյույմանոց MacBook Pro է՝ հիմնական M4 չիպով:

J614-ը և J616-ը բարձր կատարողականությամբ MacBook Pro նոութբուքներ են՝ համապատասխանաբար 14 և 16 դյույմանոց անկյունագծով էկրաններով, որոնք աշխատում են M4 Pro և M4 Max չիպերով: J623-ը նոր 24 դյույմանոց iMac-ն է, իսկ J773-ը Mac mini՝ հիմնված M4 և M4 Pro չիպի վրա: Ինսայդերը նաև ակնկալում է շնորհանդեսին տեսնել նոր բազային iPad և նոր iPad mini:

Նշված սարքերի մեծ մասն արդեն արտադրության փուլում է և առաքվում է Apple-ի պահեստներ։ Բացառություն են կազմում MacBook-ի ամենաթանկ և ամենաբարձր կատարողականությամբ տարբերակները, որոնց մատակարարումը, թեև անհրաժեշտ է, սակայն այնքան էլ կարևոր չէ, որքան էժան մոդելներինը:

Ակնկալվում է, որ նոր MacBook Air-ը (J713 և J715) շուկայում կհայտնվի 2025-ի առաջին եռամսյակում, Mac Studio-ն (J575)՝ հաջորդ տարվա կեսերին, իսկ Mac Pro-ն (J704)՝ 2026-ից ոչ շուտ:

Սպասվում է, որ Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա 2024-ի հոկտեմբերին։

Comments (0)
Add Comment