Դրեքսելի համալսարանի եւ այլ գիտական հաստատությունների ամերիկացի գիտնականները նշել են այն մթերքը, որի ներառումը հղիների կերակրաբաժնում նվազեցնում է աուտիստական սպեկտրի խանգարման (ԱՍԽ) հավանականությունը երեխաների մոտ։ Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition (AJCN) գիտական ամսագրում։
Թիմը պարզել է, որ ձկան օգտագործումը հղիության ժամանակ 20 տոկոսով իջեցնում է աուտիզմով երեխաների ծնվելու հավանականությունը։
Հետազոտողներն ուսումնասիրել են մոտ 4 000 մարդկանց տվյալները՝ պարզելու համար ձկան դիետայի եւ աուտիզմի նյարդաբանական զարգացման միջեւ փոխադարձ կապը։
Ձկան եւ օմեգա-3 հավելումների օգտագործումը չափվել է դիետիկ տեղեկատվության օգնությամբ, որը տրամադրել են մասնակիցները։
Արդյունքները ցույց են տվել, որ ձկան անգամ պարբերական օգտագործումը (շաբաթը մեկ անգամից քիչ) հղիության ժամանակ պաշտպանում է երեխային աուտիզմից։ Միեւնույն ժամանակ, ձկան յուղի ընդունումը օմեգա-3-ով ակնհայտ էֆեկտ չի ունեցել այդ խանգարման առաջացման հավանականության վրա։