Apple-ը iOS 18.1-ի երրորդ բետա տարբերակում ներկայացրել է նոր գործառույթ, որը կոչվում է Clean Up: Լուսանկարներ հավելվածի համար մշակված Apple Intelligence տեխնոլոգիաների կիրառմամբ այս նորարարական գործիքը թույլ է տալիս հեռացնել անցանկալի առարկաները լուսանկարներից: Այս մասին հայտնում է MacRumors-ը։
Օբյեկտը հեռացնելու համար օգտվողները կարող են սեղմել դրա վրա և հետագծել կամ գունավորել ցանկալի տարածքը: Clean Up-ը ամենաարդյունավետն է աշխատում, եթե առարկան մաքուր ֆոնի վրա է և փոքր չափսերով: Երբ փորձում եք հեռացնել մեծ առարկաներ, օրինակ՝ առաջին պլանում գտնվող անձին, նկարի վրա կարող են արտեֆակտներ առաջանալ:
Clean Up-ը չի աջակցում Live Photos-ը եւ չի աշխատում տեսանյութերի հետ, սակայն այն հասանելի է բոլոր այլ տեսակի պատկերների համար, ներառյալ սքրինշոթները, հին լուսանկարները և այլ սարքերում արված լուսանկարները: Այս գործառույթի միջոցով կատարված ցանկացած փոփոխություն կարող է հետարկվել:
Նշենք, որ Magic Eraser կոչվող նմանատիպ գործառույթն արդեն հասանելի է Google Pixel սմարթֆոններում՝ սկսած 2021 թվականից։