Հզոր նորույթ գեյմերների համար․ ASUS-ը թողարկել է թարմացված ROG Ally X խաղային կոնսոլը

Պորտատիվ խաղային կոնսոլներy արդեն վաղուց դարձել են ցանկացած գեյմերի գործիքակազմի անբաժանելի մասը։ Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այս սարքերը համատեղում են շարժունակությունն ու արտադրողականությունը: 

Անցյալ տարի ASUS-ը թողարկեց ROG Ally կոնսոլը, որը ROG (Republic of Gamers) շարքի պրոդուկտներից է։ Այս շարքը հայտնի է իր հզոր խաղային նոթբուքերով։ 2024 թվականին ընկերությունը ներկայացրեց կոնսոլի արդեն թարմացված տարբերակը՝ բարելավված ROG Ally X-ը։

Նշանակալից փոփոխություններից է ընդլայնված հիշողությունը մինչև 1 ՏԲ, ավելացված հզորությունը մինչև 24 ԳԲ RAMը և բարելավված հովացման համակարգը: Արտադրողները նաև աշխատել են էրգոնոմիկայի վրա՝ ներկայացնելով բարելավված ջոյստիկներ և պորտերի ավելի լայն տեսականի:

Այս հոդվածում կուսումնասիրենք, թե ինչպես է նոր կոնսոլը տարբերվում նախորդ մոդելից և արդյոք հնարավոր է խաղալ ամենահզոր խաղերը առավելագույն պարամետրերով:

Հզոր արդիականացում նախորդ մոդելի համեմատ

Առաջինն ինչ նկատեցին գրեթե բոլոր գեյմերները նախորդ մոդելում դա մարտկոցի կարճ կյանքն էր: Այս առումով, ASUS-ը հսկայական քայլ է կատարել՝ ավելացնելով մարտկոցի հզորությունը 40 Վտժ-ից մինչև 80 Վտժ, ինչը զգալիորեն երկարացնում է մարտկոցի կյանքը (մինչև 4 ժամ AAA խաղերի համար և մինչև 9 ժամ՝ տեսանյութեր դիտելիս):

Օպերատիվ հիշողությունը լրացուցիչ ավելացվել է մինչև 24 ԳԲ DDR5-7500, ինչը հատկապես կարևոր է AMD Ryzen Z1 Extreme հիբրիդային պրոցեսորի համար։ Այս պրոցեսորն օգտագործում է համակարգի հիշողությունը գրաֆիկայի մշակման համար, և ավելացած հզորությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ կերպով աշխատել «ամենածանր» խաղերի դեպքում: Նոր մոդելի վրա կարող եք ստանալ գրեթե երկու անգամ ավելի FPS, օրինակ, այնպիսի ինտենսիվ խաղերում, ինչպիսին է Cyberpunk-ը: Եվ, իհարկե, ներկառուցված SSD-ի ծավալը 512 ԳԲ-ից հասցվել է 1 ՏԲ-ի, ինչը ավելի շատ տեղ է բացում խաղերի և բովանդակության պահպանման համար։

Բացի դրանից, կոնսոլը կարող է աշխատել տարբեր ռեժիմներում: Այսինքն՝ օգտատերերը կարող են ընտրել արտադրողականուոյան և մարտկոցի սպառման համապատասխան հարաբերակցությունը՝ անաղմուկից մինչև տուրբո ռեժիմ:

Արտադրողները նաև բարելավել են էրգոնոմիկան, ինչի շնորհիվ կոնսոլը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել երկար խաղալու ընթացքում: Առավել նկատելի փոփոխությունների թվում է ավելի մեծ բռնակների տեղադրումը․ դրանք այժմ ավելի մեծ ծավալ ունեն և լավ են տեղավորվում ձեռքում, ինչը հատկապես կարևոր է ավելի մեծ ձեռքեր ունեցող խաղացողների համար: Նոր ջոյստիկները նախատեսված են 5 միլիոն ցիկլերի համար՝ երկու անգամ ավելի երկար, քան նախորդ մոդելի դեպքում: Մի փոքր բարձրացված ABXY կոճակները և բարելավված ութկողմանի D-pad-ն ապահովում են ավելի ճշգրիտ և հարմարավետ կառավարում՝ հատկապես անկյունագծային շարժումներ կատարելիս: ASUS-ը նաև ընտրել է նոր սև պատյան՝ չսահող մակերեսով:

Բացի դրանից, հին XG Mobile պորտի փոխարեն, որն աջակցում էր միայն ASUS-ի արտաքին գրաֆիկական քարտերին, ավելացվել է ունիվերսալ USB4 պորտը՝ մինչև 40 Գբիտ/վ թողունակությամբ։ Դրա շնորհիվ կոնսոլը համատեղելի է տարբեր արտաքին սարքերի՝ այդ թվում գրաֆիկական դոկ-կայանների հետ։ 

Արտադրողականությունն ու ծրագրային ապահովումը

Նորագույն AMD Ryzen™ Z1 Extreme պրոցեսորի և RDNA™ 3 գրաֆիկական միջուկի շնորհիվ ROG Ally X-ն ապահովում է տպավորիչ արտադրողականություն: Այս չիպն ունի ութ Zen 4 միջուկ և ապահովում է 8,6 տերաֆլոպ հզորություն: AMD Fluid Motion Frames և Radeon Super Resolution տեխնոլոգիաների հետ համակցված՝ կոնսոլն առաջարկում է կադրերի բարձր արագություն՝ չվնասելով պատկերի որակը: 

Սարքն աջակցում է երեք աշխատանքային ռեժիմին՝ անաղմուկ (10 Վտ), գերարագ (15 Վտ) և տուրբո ռեժիմ (25 Վտ, երբ սնուցվում է մարտկոցից և 30 Վտ, երբ միացված է ցանցին): Սա թույլ է տալիս ընտրել օպտիմալ բալանս արտադրողականության և էներգիայի սպառման միջև՝ կախված խաղացողի կարիքներից: Այսպիսով, ROG Ally X-ն իր արտադրողականությամբ չի զիջում ժամանակակից նոթբուքերին, ինչի շնորհիվ այն կարող ենք համարել իդեալական գեյմինգի գործիք:

ROG Ally X-ն աշխատում է Windows 11 օպերացիոն համակարգով, ինչը նշանակում է, որ կոսոլն աջակցում է այս համակարգի համար ստեղծված խաղերի ցանկացած գրադարանին և սթրիմինգային ծառայություներին: Այն կարող ենք կառավարել ինչպես կորպուսի վրա գտնվող ջոյստիկների և կոճակների, այնպես էլ սենսորային էկրանի միջոցով:

Հատկանշական է Armory Crate SE 1.5 թարմացված ծրագիրը, որն օգտատերերին առաջարկում է ավելի շատ կարգավորումներ և անհատականացման հնարավորություններ: Այս գործիքի շնորհիվ խաղադարանի կառավարումը, կարգավորումներ փոփոխելը և ծրագրակազմն ու դրայվերները թարմացնելն ավելի հեշտ է դարձել: Թարմացման ամբողջ գործընթացն այժմ կենտրոնացված է մեկ հավելվածում․ այլևս պետք չէ յուրաքանչյուր գործառույթ առանձին ստուգել:

Բարելավված հովացման համակարգ 

ROG Ally X-ի թարմացված տարբերակում արտադրողները զգալիորեն բարելավել են հովացման համակարգը՝ ապահովելով կայուն արտադրողականություն նույնիսկ ինտենսիվ խաղերի ժամանակ։ Նոր կոնստրուկցիան հագեցած է օդափոխիչներով, որոնք 23%-ով փոքր են և ունեն 50%-ով բարակ շեղբեր, ինչը բարելավում է օդի հոսքը կորպուսի ներսում:

Հատուկ օդային թունելների շնորհիվ օդն ուղղվում է դեպի վեր և դեպի դուրս՝ կոնսոլի վերին մասում տեղադրված երրորդ օդանցքի միջոցով: Արդյունքում ոչ միայն ավելանում է օդի շրջանառությունը, այլեւ նվազում է սենսորային էկրանի ջերմաստիճանը։

Սա ավելացնում է օդափոխությունը 24%-ով, ինչը ոչ միայն արդյունավետորեն սառեցնում է ներքին կոմպոնենտները, այլև նախորդ մոդելի համեմատ 6°C-ով նվազեցնում է սենսորային էկրանի ջերմաստիճանը։ 

Դիսփլեյ և ձայն 

Նոր Ally X-ը դեռ չունի OLED էկրան, որը կարող ենք տեսնել ASUS-ի այլ  սարքերում: Այն հագեցած է 7 դյույմանոց սենսորային էկրանով՝ Full HD (1080p) կետայնությամբ և 120 Հց թարմացման արագությամբ: 7 մվ արձագանքման ժամանակը թույլ է տալիս խուսափել ուշացումներից և կադրերի ընդմիջումներից, իսկ 500 կդ/մ² պայծառության շնորհիվ կարելի է խաղալ տարբեր լուսավորության պայմաններում:

Պատկերի լավ բնութագրերից բացի, ROG Ally X-ն առաջարկում է նաև ձայնի գերազանց որակ: Ներկառուցված աուդիո համակարգը բաղկացած է երկու առջևի բարձրախոսներից, որոնք ապահովում են Dolby Atmos աուդիո էֆեկտներ: Ինչպես ASUS-ի այլ սարքերում, ձայնի բարձրորակ հաղորդակցությունն ապահովելու համար կոնսոլը հագեցած է աղմուկի նվազեցման երկկողմանի սմարթ համակարգով:

Կողմ և դեմ 

Առավելություններից են արդդեն հիշատակված մարտկոցի բարելավված կյանքն ու էրգոնոմիկայի զգալի թարմացումը, հզոր պրոցեսորը և թարմացման բարձր հաճախկանությամբ օժտված էկրանը։

Բացասական կողմը OLED էկրանի բացակայությունն է, քանի որ այն առկա է ASUS-ի այլ սարքերում: Կոնսոլն աշխատում է Windows-ով, ինչը վիճելի առավելություն է որոշ օգտատերերի համար, քանի որ ոչ բոլոր գեյմերներն են հիացած այս օպերացիոն համակարգով:

Ամփոփում

Հզոր և բարելավված ROG Ally X-ը խաղային կոնսոլրների շուկայում լավագույն մոդելներից մեկն է: Հիմնական բարելավումները ներառում են մարտկոցի հզորության ավելացումը, ավելի արագ RAM-ը և բարելավված հովացման համակարգը: Արդյունքում, խաղացողները ստանում են կայուն աշխատանք՝ նույնիսկ ամենածանր խաղերում, ինչպիսիք են Cyberpunk 2077-ը կամ Call of Duty-ն:

Այսպիսով, նոր կոնսոլը մշակելիս արտադրողներն իրագործել են գեյմերների բոլոր ցանկությունները։ Բարելավված էրգոնոմիկայի, հզոր միջուկի և առավելագույն պարամետրերով ժամանակակից խաղերի աջակցության շնորհիվ այս խաղային կոնսոլը  հիանալի տարբերակ է շարժունակությունն ու որակը գնահատողների համար:

Comments (0)
Add Comment