Մեգան Մարքլը պայման է դրել արքայազն Հարիի առջեւ՝ Մեծ Բրիտանիա վերադառնալու համար

Մեգան Մարքլը պայման է դրել ամուսնու՝ արքայազն Հարիի առջեւ՝ Մեծ Բրիտանիա վերադառնալու համար, հայտնել է թագավորական փորձագետը։

Սասեքսի հերցոգը եւ հերցոգուհին ամուսնացել են 2018թ. եւ ապրել են Անգլիայում մինչեւ 2020թ., ինչից հետո դժվարին որոշում են կայացրել Թագավորական պալատից հեռանալու մասին։ Զույգը տեղափոխվել է Մոնտեսիտո (Կալիֆոռնիա)։ Օվկիանոսը հատելուց հետո զույգը եւս մեկ երեխա է ունեցել՝ արքայադուսր Լիլիբեթին, նրանք հազվադեպ են վերադարձել Միացյալ Թագավորություն, բացառություն են կազմել մի քանի դեպքերը։ Մասնավորապես, Մեգանին վերջին անգամ տեսել են 2022թ. հանգուցյալ թագուհու հուղարկավորության ժամանակ, իսկ արքայազն Հարին Մեծ Բրիտանիա այցելել է մայիսին, երբ եկել էր մասնակցելու  Լոնդոնում կայացող Անպարտների խաղերին։

Իսկ հիմա նշվում է, որ Մեգանը պատրաստ է վերադառնալ Մեծ Բրիտանիա միայն այն դեպքում, եթե ինքը եւ Հարին ապրելու սեփական տեղ ունենան եւ իրենց տրամադրվեն անվտանգության համապատասխան միջոցներ, ասել է թագավորական փորձագետ Թոմ Քուինը The Mirror-ին։

«Եթե զույգին հաջողվի մշտական բնակարան գտնել եւ լուծել անվտանգության հարցը, նրանք, անշուշտ, կցանկանան իրենց երեխաներին Մեծ Բրիտանիա տանել։ Բայց կպահանջվի դիվանագիտություն՝ հասնելու համար այն կետին, որի պարագայում Արչին եւ Լիլին կկարողանան իսկական ջերմ հարաբերություններ հաստատել իրենց զարմիկներ Ջորջի, Շառլոտայի եւ Լուիի հետ»։

Մինչ այդ Հարին Վերաքննիչ դատարանում իրավունք էր ձեռք բերել բողոքարկելու Բարձրագույն դատարանի որոշումն այն մասին, որ պաշտպանության մակարդակը, որն ինքը եւ իր ընտանիքը ստանում են Մեծ Բրիտանիայում, խելամիտ է։

Սասեքսները զրկվել էին ոստիկանության՝ հարկատուների կողմից ֆինանսավորվող պաշտպանությունից՝ հեռանալով թագավորական ընտանիքից։ Սասեքսի հերցոգը հայց էր ներկայացրել 2020թ. փետրվարին, երբ Թագավորական ընտանիքի եւ հանրային գործիչների պաշտպանության գործադիր կոմիտեն (Ravec) որոշել էր, որ նա պետք է պաշտպանության այլ աստիճան ստանա, քան թագավորական ընտանիքի մյուս անդամները։

Comments (0)
Add Comment