«Սիրում եմ, երբ ամեն բան բնականին մոտ է լինում». Լիլի Մորտոյի բժիշկ ամուսինը՝ կնոջ կատարած արտաքին փոփոխությունների, տենդեցների մասին եւ ոչ միայն

Երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոյի ամուսինը՝ Վադիմ Չանգլյանը, հանդես է գալիս որպես նրա պրոդյուսեր: Ըստ Լիլիի՝ իր ստեղծագործական գործունեության ընթացքում ամեն բան միասին են անում, սակայն պրոդյուսեր լինելուց բացի, Վադիմը նախ բժիշկ է (դիմածնոտային վիրաբույժ, ստոմատոլոգ, բժիշկ-էսթետիստ)՝ հաջողակ մասնագետ, ով գործունեություն է ծավալում ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ԱՄԷ-ում: NEWS.am STYLE-ը զրուցել է Վադիմի հետ այս ամենի եւ, իհարկե, նրա մշտական մուսա հանդիսացող Լիլիի մասին:

Վադիմ, Ձեր հաճախորդներն ավելի շատ կանա՞յք են, թե՞ տղամարդիկ:

Հստակ կարող եմ ասել, որ էսթետիկ բժշկությունը նախընտրողներն առավելապես կանայք են, իսկ ստոմատոլոգիայից օգտվում են եւ կանայք, եւ տղամարդիկ: Այս առումով հավասարաչափ է:

Ի՞նչ միջամտությունների են, սովորաբար, դիմում տղամարդիկ։

Ինչպես նշեցի, էսթետիկ միջամտություններ նախընտրողները կանայք են, սակայն տղամարդիկ էլ հետ չեն մնում: Էսթետիկ բժշկության մեջ առավել պրոֆիլակտիկ միջամտություններն են նախընտրում, օրինակ՝ կնճիռների վերացում, ծալքերի շտկում: Եթե վիրահատական միջամտություն է արվում, ապա հիմնականում՝ ռինոպլաստիկա, օտոպլաստիկա. հետաքրքրություն կա մազերի փոխպատվաստման նկատմամբ: Տղամարդկանց նաեւ հետաքրքիր է որովայնի հատվածի լիպոսակցիան: Ներկայումս տղանարդիկ այեւս չեն ամաչում այս կամ այն միջամտությունը կատարել: Նույն պատկերն է նաեւ ստոմոտալոգիայում. ցանկանում են ունենալ գեղեցիկ ժպիտ:

Իսկ որքա՞ն հաճախ են Ձեզ դիմում հոլիվուդյան ժպիտի համար:

Իմ կարծիքով, երբ ներկայումս մարդը չունի գեղեցիկ ատամնաշար, ինչ-որ առումով դա խոսում է նրա ստատուսի մասին: Այսօր կայացած մարդը փորձում է լուծում տալ այդ խնդրին՝ կերպարանափոխվելով, իսկ գեղեցիկ ժպիտի միջոցով դառնում է ինքնավստահ եւ «բրենդային»: Գեղեցիկ ժպիտից բացի մարդկանց պարգեւում եմ հարմարավետություն, օրինակ՝ երբ չեն ունենում ատամներ, արագ տեղադրում ենք իմպլանտներ: Այդ ամենն անում ենք ընդամենը 1 օրվա ընթացքում: Առհասարակ, 1 օրում իմպլանտների տեղադրումը եւ անշարժ պրոտեզավորումը ստոմատոլոգիայի նորագույն տենդեցն է: Ստացվում է, որ 1 օրում մարդկանց իրենց երազած ժպիտն ենք պարգեւում: Ժամանակին սա անհնար մի բան էր թվում, սակայն այլեւս հնարավոր է: Ի դեպ, բոլոր երիտասարդներին կոչ եմ անում ուշադիր լինել հատկապես մայրիկների հանդեպ, ովքեր հղիության ընթացքում հաճախ կորցնում են իրենց ատամները: Գոնե իմպլանտների շնորհիվ գեղեցիկ ժպիտ կվերադարձնեն իրենց մայրիկներին:

Որպես բժիշկ՝ կարո՞ղ եք խորհուրդ տալ հաճախորդին հետ կանգնել որոշումից:

Իհարկե, իմ պրակտիկայում նման դեպքեր էլ են լինում: Երբ տեսնում եմ, որ հաճախորդը սխալ որոշում է կայացրել, ինքս էլ հասկանում եմ, որ այդ միջամտության կարիքը չկա, փորձում եմ խորհուրդ տալ չգնալ այդ քայլին՝ հիմնավորելով կարծիքս: Նման դեպքերում հորդորում եմ, որ մի փոքր էլ մտածեն, խորհրդով դիմեն իրենց հարազատներին: Երբեմն նաեւ հորդորում եմ նախքան միջամտությունը գնալ շոփինգի եւ լավ լիցքաթափվել: Գիտեմ՝ երբեմն կանանց թվում է, որ ամեն բան կփոխվի ընդամենը մեկ միջամտությունից, նման պարագայում ստանձնում եմ նրանց հոգեբանի դերը, որովհետեւ չեմ ցանկանում հետագայում զղջան, եւ ես ունենամ իմ «մեղքի» բաժինը:

Գաղտնիք չէ, որ Ձեր կինը՝ Լիլի Մորտոն, եւս Ձեր հաճախորդն է: Կա՞ն միջամտություններ, որոնք Դուք եք Լիլիին խորհուրդ տվել անել:

Իրականում ներկայումս ցանկացած միջամտություն քննարկում ենք, չեմ թաքցնի՝ հնարավոր է, որ սկզբնական շրջանում Լիլին չէր պատկերացնում, թե ինչ կարող էինք անել եւ ամեն ինչի հեղինակն ես էի: Ես էի առաջարկում այս կամ այն շտկումն անել, առհասարակ, առաջին անգամ Լիլիի դեմքին ես եմ դիպչել, նա նման փորձ չուներ: Իմ խորհուրդներն էր լսում, իսկ հիմա արդեն ինձանից լավ է հասկանում էսթետիկ բժշկությունից, կարողանում է էսթետիկ արտաքին ունենալու հարցում որոշակի լուծումներ գտնել: Այսօր ամեն բան քննարկում ենք, ապա նոր գնում որեւէ քայլի:

Comments (0)
Add Comment