Կապիկի ծաղկի համաճարակը բռնկվել է 2022-23թթ., բայց ներկայիս համաճարակն առաջ է եկել ավելի վտանգավոր շտամից։ Կապիկի ծաղիկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է։
Սկզբում վիրուսը փոխանցվում էր կենդանիներից մարդուն, բայց այժմ փոխանցվում է նաեւ մարդուց մարդուն անմիջական մարմնական շփման դեպքում, օրինակ՝ սեքսի ժամանակ, ինչպես նաեւ օդակաթիլային ճանապարհով, եթե հիվանդը շնչում է մեկ այլ մարդու դեմքին կամ նրա հետ խոսում է մոտ տարածությունից, գրել է BBC-ն։
Վիրուսը նաեւ կարող է տարածվել առարկաների հետ շփվելիս, օրինակ՝ սպիտակեղենը, հագուստը եւ սրբիչները։
Կապիկի ծաղիկը կարող է փոխանցվել առնետներից, սկյուռիկներից։
Հիվանդության ախտանշանները նման են գրիպի ախտանշաններին, կարող է լինել նաեւ ցան բշտերով։ Լուրջ դեպքերում ցանը կարող է լինել ամբողջ մարմնի վրա, հատկապես բերանում, աչքերում եւ սեռական օրգանների վրա։ Այն կարող է քոր գալ, լինել ցավոտ։ Հիվանդության ընդհանուր տեւողությունը 14-21 օր է եւ կարող է անցնել ինքն իրեն։
Բայց որոշ դեպքերում կարող են լինել մահացու ելքեր։ Մինչ այժմ այս ծաղկի բռնկումը կապված էր պակաս վտանգավոր շտամի՝ կլադա II-ի հետ։ Այժմ Աֆրիկայում տարածվել է կլադա I-ը, որը սպանում է հիվանդացածների 10 տոկոսին։ Հիվանդությունը գրանցվել է 116 երկրներում, նշում է ԱՀԿ-ն։
Այս տարեսկզբից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է ավելի քան 13 7000 դեպք, մոտ 500 մահ։
Ներկայում նկատվում են մի քանի տարբեր բռնկումներ, հիմնականում ԿԴՀ-ում եւ հարեւան երկրներում։
Վարակման դեպքեր են հայտնաբերվել նաեւ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում եւ այլ երկրներում։
ԱՀԿ-ն հիշեցնում է, որ 2022թ. մայիսին հիվանդությունը տարածվել է Եվրոպայում եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, այնուհետեւ ողջ աշխարհում, 112 հիվանդացած մահացել է։ Ավելի հաճախ հիվանդացել են գեյ-տղամարդիկ եւ բիսեքսուալները։
Կարող է վարակվել ցանկացած մարդ, որը սերտորեն կշփվի վարակվածների հետ։ Փոքր երեխաները նույնպես կարող են վարակվել, քանի որ նրանց իմունային համակարգը ձեւավորման պրոցեսում է։ Թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ նույնպես ռիսկային գոտում են։
Խորհուրդ է տրվում խուսափել սերտ շփումից կապիկի ծաղկով հիվանդների հետ եւ լվանալ ձեռքերը օճառով։ Հիվանդները պետք է մեկուսանան։ ԱՀԿ խոսքով՝ առողջանալուց հետո 12 շաբաթվա ընթացքում պետք է օգտագործել պահպանակներ։ Պատվաստանյութեր կան, բայց սովորաբար դրանք կարող են ստանալ միայն ռիսկի խմբի մարդիկ կամ վարակվածի հետ շփվածները։
Վերջերս ԱՀԿ-ն դիմել է դեղեր արտադրողներին՝ խնդրելով շարունակել պատվաստանյութերի ստեղծումը ծաղկի դեմ, անգամ եթե այդ պատվաստանյութերը պաշտոնական հավանություն չեն ստացել։
Bavarian Nordic դանիական ընկերությունը հավաստիացնում է, որ բավականաչափ արտադրողական հզորություններ ունի պահանջարկը բավարարելու համար։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխման աֆրիկյան կենտրոնը հայտարարել է արտակարգ դրություն հանրային առողջապահության ոլորտում ողջ մայրցամաքում, եւ հույս կա, որ կառավարությունները կկարողանան ավելի լավ համակարգել պատասխան միջոցները։
Առանց գլոբալ միջոցների ձեռնարկման իրական վտանգ կա, որ ներկա բռնկումը կհանգեցնի հիվանդության տարածման ավելացմանն Աֆրիկայի սահմաններից դուրս։