Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունք, որին ներկա է եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից՝ բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից՝ ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առողջապահական ապահովագրության ներդրումը»,- բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այսուհետ քաղցկեղ ունեցող բուժառուները, որոնք նաև սրտային պաթոլոգիաներ ունեն, կարող են լիարժեք բուժում ստանալ հենց տեղում՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Ժամանակակից էնդոսկոպներով և այլ բուժսարքավորումներով հագեցած բաժանմունքում տրամադրվում են էնդոսկոպիկ ինտերվենցիոն ռադիոլոգիայով և կարդիո-օնկոլոգիական ծառայություններ, իրականացվում բարդագույն վիրահատություններ:
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նախարարին ու հրավիրված պատգամավորներին ներկայացրել է նորաբաց բաժանմունքի հնարավորությունները: Բաժանմունքում տրամադրվում է 4 ծառայություն.
- Էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայություն.
- Ինտերվենցիոն թոքաբանության ծառայություն.
- Ինտերվենցիոն վիրաբուժություն.
- Սրտաբանական և կարդիո-օնկոլոգիական ծառայություն:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ավարտական փուլում են նաև ճառագայթային բաժանմունքի շինարարական ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինման աշխատանքները: