Ատոմ Էգոյանը իր մասնագիտությունը համարում է «կախարդական կտտանք»

Հայկական ծագմամբ կանադացի հանրահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը իր մասնագիտությունը համարում է «կախարդական կտտանք»։ Էգոյանը Երեւան է ժամանել՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի շրջանակում տեղի է ունեցել նրա «Յոթ քող» ֆիլմի ցուցադրությունը։

Էգոյանը, որի ֆիլմերը բազմիցս արժանացել են միջազգային ճանաչման, հանրությանն է ներկայացրել իր խորհրդածությունները ռեժիսորի մասնագիտության մասին՝ այն անվանելով «կախարդական կտտանք», եւ անկեղծ պատմել է ֆինանսական դժվարությունների մասին, որոնց բախվում են ռեժիսորները։ Նա հիշել է, թե ինչպես են իր առաջին ֆիլմերը նկարահանվել՝ շնորհիվ դրամաշնորհների, որոնք 100 հազար դոլարից քիչ են եղել, բայց բյուջեի ավելացմանը զուգընթաց՝ առաջանում է մասնավոր ներդրումների անհրաժեշտություն, անգամ պետական աջակցության եւ հարկային արտոնությունների առկայության դեպքում։

«Ինչ վերաբերում է իմ ֆիլմերին, ապա նրանք լայն լսարան են վաստակել հիմնականում ի հեճուկս իմ մտադրությունների, քանի որ դրանք գովազդել եւ ներկայացրել են ոչ թե որպես էկզոտիկ ստեղծագործություններ, այլ որպես սեքսուալ թրիլերներ, ինչն էլ նրանց հաջողություն է բերել»։ Ռեժիսորը նաեւ ուշադրություն է հատկացրել հայկական սփյուռքի եւ պատմական արմատների հետ իր կապին։ Նա նշել է, որ վերադարձը երկիր, որը խիստ փոխվել է, իր մեջ խառը զգացողություններ է առաջացնում. «Մենք եկել ենք որպես սփյուռքի ներկայացուցիչներ, եկել ենք այն վայրերից, որտեղ մեզ քշել են մեր նախնիների հողից»։

Նա նաեւ անդրադարձել է պատմական ողբերգությունների թեմային՝ ընդգծելով, թե ինչպես է նախնիների հողերի հերթական ոչնչացումը հանգեցրել նոր սփյուռքի առաջացման եւ երկրի կերպարի փոփոխության։ Էգոյանը հիշեցրել է, որ «հայերն առաջին ազգն էին, որոնք հայտարարել են ինքնորոշման իրավունքի մասին ութսունական թվականների վերջին, բայց նրանց պահանջները անտեսվել են միջազգային հանրության կողմից»։ «Ես վերադարձել եմ իմ երկիր, եւ այն խիստ փոխվել է։ Եվ չնայած դրան՝ մեր ոգին, ինչ-որ կերպ, նախկինի պես ուժեղ է։ Իսկ փառատոնը ցույց է տալիս, որ մենք կարող ենք միմյանց հետ կիսել մեր մշակույթը, եւ դա հիանալի է, դա անգին է»։

Comments (0)
Add Comment