2026-ին Apple-ը կթողարկի AirPods անլար ականջակալ, որը ներկառուցված տեսախցիկ կունենա։ Այս մասին Medium կայքի իր բլոգում հայտնել է TF International Securities-ի հայտնի ինսայդեր և վերլուծաբան Մինգ-Չի Կուոն:
Նրա վերջին զեկույցի համաձայն՝ նոր AirPods-ը կունենա ինֆրակարմիր տեսախցիկներ, որոնք նման են iPhone-ի և iPad-ի Face ID ֆունկցիայում օգտագործվող տեսախցիկներին: Ընկերության նպատակն է ականջակալներն ինտեգրել Vision Pro հավելյալ իրականության սարքերին և դրա հետագա տարբերակներին:
Նոր տեխնոլոգիայի առավելություններից է տարածական ձայնի բարելավված որակը: Եթե AirPods կրող օգտատերը Vision Pro-ով տեսանյութ դիտելիս գլուխը շրջի, ձայնային աղբյուրը կընդգծվի որոշակի ուղղությամբ, որպեսզի բարձրանա տարածական ձայնի որակը և վիրտուալ միջավայրն ավելի իրատեսական դառնա։
AirPods-ի ինֆրակարմիր տեսախցիկը կկարողանա հայտնաբերել շրջակա միջավայրի պատկերի փոփոխությունները, ինչը թույլ կտա կառավարել ժեստերը տարածության մեջ՝ բարելավելու մարդու փոխազդեցությունը սարքի հետ: Տեսախցիկի բաղադրիչները կմատակարարի Foxconn-ը, որը կարող է տարեկան մոտ 18-20 միլիոն մոդուլ արտադրել, ինչը Apple-ին թույլ կտա այդ տեսախցիկներով մոտ 10 միլիոն զույգ AirPods զինել։