Օգտագործելով առանձին բջիջների սեքվենավորման մեթոդը՝ Վելքոմ Սենգերի ինստիտուտի հետազոտողները եւ համահեղինակները ուսումնասիրել են իմունային ռեակցիաները առողջ մեծահասակ կամավորների SARS-CoV-2 վարակի դեմ աշխարհում առաջին հետազոտության շրջանակում, որն ուսումնասիրել է COVID-19-ի ազդեցությունը մարդու վրա։ Փորձի բոլոր մասնակիցների մոտ չէ, որ առաջացել է COVID-19 վարակ, ինչը թույլ է տվել գիտնականներին պարզել յուրահատուկ իմունային ռեակցիաներ՝ կապված կայուն վիրուսային վարակի եւ հիվանդության դիմադրության հետ։
Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, ներկայացրել են առավել ամբողջական պատկեր, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում ատիպիկ թոքաբորբին եւ COVID-19 վիրուսին, ինչպես նաեւ ցանկացած այլ վարակիչ հիվանդության։
Ծանր եւ սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուսը (SARS-CoV-2) վարակել է միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում, տեղեկացրել է «Научная Россия» պորտալը։ Թեեւ այդ հիվանդությունը մահացու վտանգավոր է, շատերն են շփվել մարդկանց հետ, որոնք ունեցել են COVID-19-ի դրական արդյունք, բայց նրանց հաջողվել է խուսափել հիվանդությունից, քանի որ ՊՇՌ-թեստավորման արդյունքները բացասական են եղել կամ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների։
Նախորդ հետազոտություններն ուսումնասիրել են COVID-19 ունեցող պացիենտներին ախտանիշների հայտնվելուց հետո, իսկ նոր աշխատանքում գիտնականներն առաջին անգամ խնդիր են դրել գրանցել իմունային արձագանքներն անմիջապես վարակվելուց հետո. 36 առողջ կամավորներ, որոնք նախկինում COVID-19-ով վարակված չեն եղել, մտցրել են վիրուսը SARS-CoV-2 քթով։ Հետազոտողներն իրականացրել են արյան եւ քթի լորձաթաղանթի հանգամանալից մոնիթորինգ՝ հետեւելով վարակի ողջ ընթացքին, ինչպես նաեւ իմունային բջիջների ակտիվությանը վարակվելուց առաջ։ Հետո գիտնականներն ուսումնասիրել են առանձին բջիջների սեքվենավորումը, որպեսզի ստանան տվյալներ, որոնք ներառում են ավելի քան 600 000 առանձին բջիջներ։
Բոլոր մասնակիցների մոտ հայտնաբերել են նախկինում չնկարագրված ռեակցիաներ, որոնք մասնակցել են վիրուսի անհապաղ հայտնաբերմանը։ Դրանք ներառել են արյան մեջ լորձաթաղանթի հատուկ իմունային բջիջների ակտիվացումը եւ բորբոքային սպիտակ արյան բջիջների նվազումը, որոնք սովորաբար կլանում եւ ոչնչացնում են պաթոգենները։
Մարդիկ, ովքեր անմիջապես ազատվել են վիրուսից, չեն դրսեւորել տիպիկ իմունային պատասխան, փոխարենը ցուցադրել են նուրբ, իմունիտետի նախկինում երբեք չհանդիպած բնածին ռեակցիաներ։ Հետազոտողները կարծում են, որ HLA-DQA2 գենի ակտիվության բարձր մակարդակը մինչեւ վարակվելը նույնպես օգնել է մարդկանց կանխել կայուն վարակի առաջացումը։ Հակառակը, 6 մարդ, որոնց մոտ առաջացել է SARS-CoV-2 կայուն վարակ, ցուցադրել է արյան արագ իմունային պատասխան, բայց ավելի դանդաղ իմունային պատասխան քթում, ինչը թույլ է տվել վիրուսին ամրապնդվել այնտեղ։
Գիտնականները պարզել են օրինաչափություններ ակտիվացված Т-բջիջների ռեցեպտորներում, որոնք ճանաչում եւ կապվում են վիրուսով վարակված բջիջներով։ Դա պատկերացում է տալիս իմունային բջիջների փոխգործակցության մասին եւ հնարավորություն բացում նպատակային Т-բջջային թերապիաների ստեղծման համար ոչ միայն COVID-19-ի, այլեւ այլ հիվանդությունների դեմ։
Դոկտոր Ռիկ Լինդեբումը՝ հետազոտության առաջատար հեղինակներից մեկը, ասել է. «Սա յուրահատուկ հնարավորություն էր տեսնելու, թե ինչ տեսք ունի իմունային ռեռակցիան նոր պաթոգենի հանդիպելիս մեծահասակների մոտ, որոնք նախկինում COVID-19-ով հիվանդացած չեն եղել, այն պայմաններում, երբ այնպիսի գործոններ, ինչպիսին են վարակման ժամանակը եւ ուղեկից հիվանդությունները, կարելի է վերահսկել»։
Դոկտոր Մարկո Նիկոլիչը նշել է. «Արդյունքները լույս են սփռում կարեւոր նախորդող իրադարձությունների վրա, որոնք կամ թույլ են տալիս վիրուսին ամրանալ, կամ արագ այն մաքրում են՝ մինչեւ ախտանիշների առաջանալը։ Հիմա մենք շատ ավելի լավ ենք հասկանում իմունային արձագանքի ողջ սպեկտրը, ինչը կարող է հիմք հանդիսանալ բուժման պոտենցիալ մեթոդների եւ պատվաստանյութերի ստեղծման համար, որոնք նման կլինեն բնական պաշտպանական ռեակցիաներին»։
«Ստեղծելով մարդու բջիջների քարտեզը՝ մենք կարող ենք ավելի լավ պարզել, թե ինչ բջիջներ են կրիտիկականորեն կարեւոր վարակների դեմ պայքարի համար, եւ հասկանալ, թե ինչու տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում կորոնավիրուսին։ Ապագա հետազոտություններում մենք կկարողանանք համեմատել դրանք մեր տվյալների էտալոնային հավաքածուի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես նորմալ իմունային պատասխանը նոր պաթոգենին համադրենք պատվաստմամբ պայմանավորված իմունային պատասխանի հետ»,- նշել են գիտնականները։