Պետերբուրգցի գիտնականները պարզել են, որ պտղի հիպոքսիան եւ մոր սթրեսը կարող են հանգեցնել երեխայի նիկոտինային կախվածության մեծ տարիքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մամուլի ծառայությունում։
«Պետերբուրգի համալսարանի եւ Ի.Պ. Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները փորձ են կատարել առնետների վրա եւ աշխարհում առաջինն են պարզել, թե ինչպես են թթվածնի անբավարարությունը եւ մոր սթրեսը հղիության ժամանակ ազդում պտղի ուղեղի զարգացման վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ պտղի հիպոքսիան մոր սթրեսի հետ համադրությամբ կարող է երեխայի նիկոտինային կախվածություն առաջացնել մեծ տարիքում»,- նշվել է հաղորդագրությունում։
Պտղի հիպոքսիան այն վիճակն է, երբ սաղմը թթվածնի անբավարարություն է զգում, ինչը բացասաբար է անդրադառնում նրա զարգացման վրա։ Որպես կանոն, այդ վիճակը ուղեկցվում է մոր օրգանիզմի սթրեսային արձագանքով։ Հիպոքսիայի հետեւանքները դրսեւորվում են ֆիզիկական, հուզական եւ մտավոր զարգացման խանգարումներով, որոնք խորանում են տարիքի հետ։ Պետերբուրգցի գիտնականներն առաջինն աշխարհում կատարել են հետազոտություն, որը թույլ է տվել պարզել հղիության ժամանակվա սթրեսի եւ հիպոքսիայի կապը հնարավոր պաթոլոգիաներից մեկի՝ նիկոտինային կախվածության հետ։
Կրծողի ուղեղը նման է մարդու ուղեղին, ուստի հետազոտության օբյեկտ են դարձել էգ առնետները եւ դրանց սերունդը։ Գիտնականները ստեղծել են պտղի հիպոքսիա երկու եղանակով՝ վիրաբուժական ճանապարհով եւ բնական միջոցով։ Մոր եւ պտղի համակարգային հիպոքսիա ստեղծելու համար հղիության ժամանակ առնետներին պարբերաբար տեղադել են բարոխցերում, որտեղ թթվածնի պակաս է եղել։
«Հետագա հետազոտություններն արդեն իրականացվել են նրանց սերունդների վրա՝ հասուն արուների, որոնք ծնվել են փորձի առաջին մասի ավարտից հետո, այսինքն՝ հիպոքսիա են ունեցել լույս աշխահ գալուց առաջ։ Նիկոտինային կախվածության հակումն ուսումնասիրելու համար առնետներին տվել են օսմոտիկ պոմպեր, որոնք պարունակել են ֆիզիոլոգիական լուծույթ կամ նիկոտինի տարտրատի լուծույթ»,- մամուլի ծառայությունում մեջբերել են հետազոտության հեղինակ, Պետերբուրգի համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Օլեգ Վետրովոյի խոսքերը։
Նիկոտինի երկշաբաթյա կիրառումից հետո մինչծննդյան հիպոքսիայի եւ մոր սթրեսին ենթարկված առնետների մոտ, ի տարբերություն վերահսկիչ խմբի առնետների, ի հայտ է եկել աբստինենտ համախտանիշ կամ չեղարկման համախտանիշ։ Առնետները սթրես են ունեցել՝ կապված նիկոտինի օգտագործումը դադարեցնելու հետ։ Հետազոտության շրջանակում գիտնականներրը ստուգել են նաեւ առնետների արձագանքի արագությունը ակուստիկ սթարտլ-ռեֆլեքսին։ Մինչծննդյան հիպոքսիայի ենթարկված առնետները տարբերվել են կտրուկ ձայնին դանդաղ արձագանքով՝ ի տարբերություն վերահսկիչ խմբի առնետների։ Ընդ որում, նիկոտինի ազդեցության տակ փորձարկվող առնետների արձագանքի արագությունը կարգավորվել է՝ դառնալով համադրելի վերահսկիչ խմբի հետ։ Բացի այդ, գիտնականները նշել են, որ պտղի հիպոքսիան առանց մոր հորմոնալ սթրեսային ռեակցիայի, մեծ տարիքում առաջ չի բերել ոչ արձագանքի արագության խանգարում, ոչ հակվածություն նիկոտինի հանդեպ։