WhatsApp-ի ծրագրավորողները հեշտացրել են չատերը հին սարքից նորը տեղափոխելը QR կոդերի միջոցով: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։
Նորարարությունը նկատել են WhatsApp-ի՝ Android-ի համար նախատեսված 2.23.9.19 համարով բետա տարբերակում։ Նոր գործառույթը թույլ է տալիս օգտահաշիվը, չատերը և բոլոր տվյալները հին սմարթֆոնից փոխանցել նոր սմարթֆոն: Այս գործառույթը նախատեսված է սմարթֆոն փոխելու ժամանակ հաղորդագրությունների պատմության փոխանցման գործընթացը հեշտացնելու համար:
Չատերը WhatsApp-ին հին մեթոդով փոխանցելու համար օգտագործվում է Google Drive ամպային ծառայությունը։ Այժմ մեսենջերի բետա տարբերակի օգտատերերը կարող են օգտվել ավելի պարզ և արագ տարբերակից։ Նրանք պարզապես պետք է իրենց նոր սարքի էկրանի QR կոդը սկանավորեն հին սմարթֆոնով և կարող են անմիջապես փոխանցել բոլոր չատերը՝ շրջանցելով ամպային կրկնօրինակումների անհրաժեշտությունը:
Առայժմ WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերը Android-ում դեռ կարող են տվյալները փոխանցել Google Drive-ի միջոցով: iPhone-ի դեպքում օգտագործվում է Apple-ի սեփական ամպային ծառայությունը՝ iCloud-ը։ Հայտնի չէ, թե QR կոդերը երբ հասանելի կդառնան WhatsApp-ի բոլոր օգտատերերին: