Լսողության հետ կապված խնդիրները վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելի ու ավելի են երիտասարդանում։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում մոտ 1 միլիարդ երիտասարդի լսողությունը վտանգված է, իսկ պատճառը՝ աղմուկն ու բարձր երաժշտությունն են, առավել ևս, երբ այն հնչում է ականջակալներով։
«ԱՀԿ–ն ահազանգում է և ասում է, արդեն 1 միլիարդ երիտասարդներ աշխարհում այդ վտանգի տակ են, իրենց մոտ զարգանում է ծանրալսություն, պայմանավորված բարձր ձայների չարաշահմամբ։ Առանց այդ էլ մեր առօրյան, արդեն փողոցը համարվում են բարձր ձայն, հավելյալ ականջակալները, ակումբների բարձր ձայները, իրենք ևս ազդեցությունը թողնում են, և մենք արդեն դա տեսնում ենք, արդեն կան գիտական աշխատանքներ, որ նախկինում, մոտ 50 տարի առաջ տարիքային նորմերը լսողական այլ էին, հիմա այլ է։ Այսինքն, ավելի շուտ է սկսվում լսողության իջեցումը», – ասում է «Նաիրի» ԲԿ աուդիոլոգ Գայանե Սարգսյանը։
Մասնագետը պարզաբանում է` այս դեպքում խոսքը ձեռքբերովի ծանրալսության մասին է։ Բարձր ձայնից բացի` այդպիսի ծանրալսության պատճառ կարող են լինել նաև բորբոքային հիվանդությունները, տրավմաները, ինչպես նաև տարիքային փոփոխությունները։ ԱՀԿ տվյալներով` 60–ից հետո բնակչության 25 տոկոսն ունի հաշմանդամության հասցնող ծանրալսություն։
Բայց ծանրալսությունը կարող է լինել նաև բնածին։
«Բնածին ծանրալսությունըմ այսինքն, երբ երեխան ծվում է, և հայտնաբերում ենք, էլի կարող է տարբեր պատճառներով լինել, կարող են լինել գենետիակական պատճառներ, որոնք մեծ տոկոս են կազմում, և կարող են հղիության ընթացքում խնդիրներ ծագել, պերինատալ շրջանում, փոքր քաշով, բիլիռուբինեմիայով, տարբեր ինֆեկցիաներով ծնված բալիկների մոտ ևս հայտնաբերվում է ծանրալսություն։ Բացի այդ կյանքի առաջին երկու երեք տարեկանում գումարվում են այն ծանրալսությունները, որոնք պայմանավորված են ինֆեկցիաներով, տրավմաներով… ԱՀԿ տվյալների համաձայն 1000 նորածնից 1-2–ի մոտ հայտնաբերվում է խորը աստիճանի ծանրալսություն։ Այդ թիվը 3-4 տարեկանում դառնում է 2-3», – ասում է բժիշկը։
Տարիքից կախված կիրառվում են տարբեր՝ այսպես կոչված սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտորոշիչ մեթոդներ։ Ստուգման ամենատարածված տարբերակը սուբյեկտիվ տոնալ շեմքային աուդիոմետրիան է, երբ պացիենտը, ձայնային ազդակ ստանալով, ասում է՝լսում է այն, թե՝ ոչ։ Այս մեթոդը կիրառելի է 5–6 տարեկանից սկսած։
«Իսկ նորածնային հասակում կամ մինչև 5-6 տարեկան կա օբյեկտիվ մեթոդը, երբ որ հիվանդը ոչինչ չի պատասխանում, և մենք ձայնային ազդակների տակ ԷԷԳ–ից ստանում ենք լսողական պոտենցիալներ և կարողանում ենք ախտորոշել և ծանրալսության աստիճանը և ախտահարման մակարդակը», – նշում է աուդիոլոգը։
Բուժումը կախված է նրանից, թե ինչ տիպի ծանրալսություն է պացիենտի մոտ, և ականջի որ հատվածն է ախտահարված։ Եթե ծանրալսությունը այսպես կոչված հաղորդչական տիպի է, և պայմանավորված է բորբոքային խնդիրներով, ապա դեղորայքային բուժումը բավականին արդյունավետ է։ Այլ դեպքերում կարող է օգնել վիրահատական բուժումը։
«Եթե ունենք թմբկաթաղանթի մասնակի պատռվածք, ունենք ոսկրային շղթայի ախտահարում։ Նման դեպքերում վիրահատությունը էֆեկտիվ է, և կարելի է վերականգնել լսողությունը։
Եթե դա սենսոնեվրալ ծանրալսություն է, այսինքն, հիմնականում ներքին ականջի նյարդային բջիջներն են ախտահարված, ցավոք, այդ դեպքում չկա դեղորայքային կամ վիրաբուժական բուժման մեթոդ, այլ միայն լսողապրոթեզավորումն է կամ լսողական սարքերով կախված ծանրալսության աստիճանից, իսկ եթե արդեն չորրորդ աստիճանի ծանրալսություն կամ խլություն ենք ախտորոշում, այդ դեպքում կոխլեար իմպլանտացիան է մեթոդը։
Տարիքային ծանրալսությունը, որը 50–60 տարեկանում է սկսվում, վնասվում են ներքին ականջի նյարդային այդ մազմզուկավոր բջիջները, նաև գումարվում են արյան շրջանառության խանգարումները և սկսվում է տարիքային փոփոխությունը։ Այդ դեպքում ևս միակ բուժումը պրոթեզավորումն է լսողական սարքերով։ Այսինքն, դա ևս չի վերականգվում ոչ դեղորայքային, ոչ վիրահատական մեթոդներով», – պարզաբանում է բժիշկը։
Յուրաքանչյուր դեպքում Գայանե Սարգսյանը խորհուրդ է տալիս դիմել բժշկի, ստուգվել, ու դրա հիման վրա բժիշկը կընտրի բուժման ճիշտ մարտավարությունը։ Ընդ որում, բժշկի պետք է դիմել հնարավորինս շուտ, հատկապես եթե լսողության խնդիրն առաջացել է բարձր ձայնի պատճառով, քանի որ սկզբնական շրջանում այդ խնդիրը լուծելի է, սակայն ուշացման դեպքում լսողության կորուստը կարող է լինել անդառնալի։