2007 թ-ին հայկական շոուբիզնեսին ոճի ու երգացանկի լուրջ մարտահրավեր նետած R.P․-ն իր իսկ երգի՝ «Կապույտ թռչունի» պես յուրահատուկ կերպով հայտնվեց, հետո՝ խորհրդավոր կերպով դադար վերցրեց ու վերադարձավ՝ որպես Արփի Շահնուբարյան, կամ՝ պարզապես Արփի։ Ի տարբերություն R’n’B ոճում հանդես եկող համարձակ R.P.-ի՝ ժողովրդական Արփին ավելի զուսպ է, մեղմ ու քնքուշ, նաեւ՝ ավելի համարձակ՝ բայց արդեն ներքուստ։
Հիասթափությունը նրան կոփեց, իսկ ամուսնու սերը վերադարձի նոր թեւեր տվեց։ NEWS.am STYLE-ն օրերս հանդիպել էր հայկական շոուբիզնեսի «Մախմուր աղջկան»՝ վերհիշելու հայկական երգարվեստի վառ անցյալն ու հուզիչ ապրումները՝ խոսելով նրա պատկերացրած էլ ավելի վառ նպատակների ու ոգեշնչում գտած նոր նախասիրությունների մասին։
Բնության ու կյանքի հանդեպ սերը, կայտառությունն ու համարձակությունը Արփին ժառանգել է ծննդավայում անցկացրած տարիներից։ Երգչուհին ծնվել է Խնձորեսկում, այնտեղ ավարտել դպրոցն ու Երեւան տեղափոխվել Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժին ընդունվելուց հետո։
«Ինձ մոտ կան ձեւավորված շատ հաստակ արժեքներ, որոնք մանկությունից են գալիս: Երբեք չեմ դավաճանում այդ սկզբունքներին: Ես ամեն ինչում զգում եմ իմ ծննդավայրի շունչը: Երեւի կարոտից ելնելով է, որ հիմա իմ երեխաների դաստիարակության մեջ էլ ինչ-որ մասնիկ եմ ցանկանում ներդնել այնտեղից։ Չեմ կարողանում հաճախ այցելել Խնձորեսկ, բայց այս տարի որոշել եմ ամռանը անպայման գնալ երեխաներիս հետ»,-NEWS.am STYLE-ին ասում է երգչուհին։
Ծաղիկներ հավաքելը, խոտերի մեջ պառկելը, ազատությունը, թռիչքը․․․ Սա է Արփիի համար խաղաղությունը, որով էլ մեծացել է մանկության տարիներին։ «Այնքան պակաս բաներ ունեինք նյութական առումով, բայց այնքան անհոգ էինք․․․ Հենց այդ անհոգությունն եմ կարոտում, ու երեւի այդ հիմքի վրա հիմա փորձում եմ կառուցել իմ ներկան»,-ասում է նա։