Տեղի է ունեցել կիբեռանվտանգությանը նվիրված «BSides Yerevan 2024» համաժողովը

Մայիսի 18-19-ը տեղի է ունեցել կիբեռանվտանգությանը նվիրված «BSides Yerevan 2024» ամենամյա ոչ ֆորմալ համաժողովը, որի ընթացքում կիբեռանվտանգության մասնագետները` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, հանդես են եկել թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։

Համաժողովն իրականացվում է մայիսի 18-ից 26-ը Հայաստանում անցկացվող «Կիբեռանվտանգության շաբաթ 2024»-ի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և ՁԻՀ-ի «CyHub Armenia» կիբեռանվտանգության նախաձեռնության, ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։

Bsides-ը հարթակ է, որտեղ ոլորտի փորձագետներն ու մասնագետները հնարավորություն ունեն կիսվելու կիբեռանվտանգության ոլորտում իրենց փորձառություններով ու հետազոտություններով։ «BSides Yerevan 2024»-ի ընթացքում բարձրաձայնվել են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են կիբեռհարձակումների դրդապատճառներին, անվտանգության տարբեր սպառնալիքներին, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգներին և այլն։

Համաժողովի ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  «CyHub Armenia» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը հանդես է եկել բացման խոսքով։ Նա նշել է, որ նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները կարևոր են ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման, համայնքում մասնագիտական կապերի ամրապնդման, երիտասարդ մասնագետների ներգրավման համար։

«BSides-ը աշխարհում լայն տարածում ունեցող և ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որն անցկացվում է 60-ից ավելի երկրների 220 քաղաքներում։ Ի տարբերություն այլ համաժողովների՝ այն ավելի մտերմիկ, ընկերական մթնոլորտում է անցկացվում և հնարավորություն է տալիս բարձրաձայնել տարբեր հարցեր ու քննարկել մի շարք լուծումներ։ Մենք այս միջոցառումն արդեն երկրորդ անգամ անցկացնում ենք Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ մեր երկրում ևս կա ձևավորված մասնագիտական համայնք և բարձր հետաքրքրություն կիբեռանվտանգության ոլորտի վերաբերյալ։ Հուսով ենք՝ համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերն ու ելույթները կնպաստեն կիբեռանվտանգության ոլորտի տարածմանը և զարգացմանը Հայաստանում»,- նշել է Մարի Բարսեղյանը։

Խոսելով համաժողովի ընթացքում ձևավորվող համայնքի, համագործակցության և կապերի ամրապնդման մասին՝ համաժողովի խոսնակ, Հայաստանի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Վարդանեանը նշել է, որ նմանատիպ համաժողովները հաճախ ծառայում են որպես ինկուբատորներ՝ նոր գաղափարների, նախագծերի և կիբեռանվտանգության համայնքում համագործակցության համար: «Ներկաները հնարավորություն ունեն մտքեր փոխանակել, համագործակցել նախագծերի շուրջ և նույնիսկ սկսել նոր նախաձեռնություններ, որոնք նպաստում են ոլորտի առաջխաղացմանը: Համաժողովը լայն հնարավորություն է բացում մասնագետների համար՝ զարգացնելու հմտությունները, անկախ նրանից սկսնակ մասնագետ ես, թե արդեն ոլորտում կայացած փորձառու»։

Կիբեռանվտանգության շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը՝ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազամավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ թեմաներ և խորը տեխնիկական թեմաներ։ Շաբաթը կեզրափակի «Bug Bounty» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: 

Comments (0)
Add Comment