Ճարպակալում ունեցող մարդիկ երկու անգամ ավելի հաճախ են հիվանդության թերթիկ վերցնում. ECO

Վիեննայի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ լուրջ ճարպակալում ունեցող բրիտանացիները երկու անգամ ավելի հաճախ են հիվանդության թերթիկ վերցնում, քան նորմալ քաշ ունեցող աշխատողները։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը ներկայացվել է Ճարպակալման եվրոպական կոնգրեսում (ECO), որը տեղի է ունենում Իտալիայում մայիսի 12-15-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են 147 մլն մարդու (28 երկրներից) աշխատունակության մասին տվյալները։ Տեղեկության աղբյուր են ծառայել տարբեր ազգային հարցումների արդյունքները, որոնց ընթացքում գնահատվել են բնակչության առողջության ցուցանիշները եւ մասնակիցների մեկնաբանությունները։

Պարզվել է, որ ճարպակալում ունեցող մարդիկ ավելի շատ են հիվանդության թերթիկներ վերցնում։ Մեծ Բրիտանիայի բնակչության աշխատունակության գնահատականի արդյունքները ցույց են տվել, որ ճարպակալմամբ տառապող մարդիկ (մարմնի զանգվածի ավելի քան 30 ինդեքս) 23 տոկոսով ավելի հաճախ են բացակայում աշխատանքից առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Ծանր ճարպակալում ունեցող մարդիկ (ՄԶԻ-ն՝ ավելի քան 40) ավելի քան երկու անգամ հաճախ (118 տոկոսով ավելի հաճախ) են բացակայում աշխատանքից։ Գիտնականները նշել են, որ բարձր ՄԶԻ ունեցող մարդիկ աշխատանքից բացակայում են սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի պատճառով։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ ճարպակալումը հանգեցնում է բազմաթիվ այլ բացասական հետեւանքների, որոնց թվում են հենաշարժողական ապարատի խնդիրներն ու դեպրեսիան։ Այդ պատճառով աշխատանքի բացթողումը ճարպակալման հետ կապված խնդիրների պատճառով «նվազեցնում է տնտեսության արտադրողականությունը» եւ «ֆինանսական ռիսկ է պարունակում»։

Comments (0)
Add Comment