Հերպեսի վիրուսները թափանցում են բջիջների տրանսպորտային համակարգ, որպեսզի ներխուժեն նյարդային համակարգ։ Այս մասին վկայում է PNAS ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով՝ աշխարհում 3,7 մլրդ մարդ վարակված է 1-ին տեսակի պարզ հերպեսի վիրուսով (ՊՀՎ-1), որը օրալ հերպեսի («շուրթերի մրսածություն») հիմնական պատճառն է։ Վիրուսը բուժելն անհնար է, քանի որ այն թափանցում է նյարդային համակարգ։
Նոր հետազոտությունում գիտնականները կիրառել են մանրադիտակային բարդ մեթոդ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է վիրուսն իրեն պահում նյարդային բջիջներում։ Նրանք հայտնաբերել են, որ այն օգտագործում է միկրոխողովակները՝ ներբջջային «ռելսերը», տարբեր մոլեկուլների տեղափոխման համար։ Դա վիրուսին թույլ է տալիս հասնել նյարդային բջջի միջուկին, որտեղ պահվում է նրա ԴՆԹ-ն։ Գիտնականները պարզել են այն մոլեկուլները, որոնք պատասխանատու են միկրոխողովակների զավթման համար։ Դրանց վրա ազդեցությունը կանխել է նյարդային համակարգ վիրուսի թափանցումը լաբորատոր փորձերի ժամանակ։ Լրացուցիչ հետազոտություններից հետո այս բացահայտումը կարող է ընկնել հերպեսի դեմ նոր թերապիայի հիմքում։
«Մենք մշակում ենք պատվաստանյութեր այդ վիրուսների դեմ հատուկ այն բանի համար, որպեսզի հերպեսը չկարողանա թափանցել նյարդային համակարգ։ Մենք գիտեինք, թե ինչ մուտացիաներ պետք է մտցնել վիրուս, որպեսզի այն չհայտնվի նյարդային համակարգում։ Բայց առաջ լիովին չէինք հասկանում, թե ինչու են այդ մուտացիաները այդքան արդյունավետ»,- նշել են գիտնականները։