Սոֆյա Վերգարան Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկն է։ Եվ նա մտադիր է դիմադրել բնությանը այնքան ժամանակ, որքան կարող է։ «Ես պայքարելու եմ դրա դեմ ամեն քայլափոխի»,-51-ամյա դերասանուհին ասել է People ամսագրին:
Նա հավելել է. «Այս պահին ես ինձ հիանալի եմ զգում: Գիտեմ, որ նախկին տեսքս չունեմ, բայց չեմ կարծում, որ ես երբեւէ կլինեմ այն կինը, ով համարձակություն կունենա սպիտակ մազեր ունենալ»:
Նրա խոսքով՝ ինքը փորձել է գոյություն ունեցող բոլոր կոսմետիկ պրոցեդուրաները. «Ամեն ինչ արել եմ։ Այսինքն՝ եթե ինձ ասեն, որ աչքս ցեմենտով ծածկեմ, ավելի երիտասարդ տեսք կունենամ, անմիջապես կանեմ դա։ Ես ամեն ինչ անում եմ»:
Հարցազրույցում նա խոսել է նաեւ իր գեղեցկության գաղտնիքների մասին՝ թե ինչպիսին է նրա մարզումների ռեժիմը, ինչու նա կախվածություն ունի շաքարավազից եւ ինչու երբեք չի կարճացրել մազերը։
Նա նշել է, որ իր գեղեցկության գաղտնիքներից մեկն այն է, ինչ կարող է անել ցանկացած մարդ՝ քնել:
«Հիմա ես լրջորեն եմ վերաբերվում քնին։ Նախկինում կարող էի ինձ սահմանափակել վեց ժամով, հիմա գիտեմ, որ վատ տեսք կունենամ, եթե ավելի շատ չքնեմ»,-հավելել է նա։
Եթե նա ֆոտոշարք ունի, ապա փորձում է շուտ արթնանալ, քանի որ ժամանակ է պետք «ուռած դեմքը» կարգի բերելու համար.
«Ես մազերս լվանում եմ ամեն օր։ Այսինքն, եթե ես հիվանդ չեմ կամ ստիպված չեմ ինքնաթիռ նստել առավոտյան ժամը 3-ին: Բոլորն ինձ միշտ ասում էին, որ դա կփչացնի մազերիս որակը, բայց այդպես չեղավ»:
Եվ նա ասում է՝ չի պատրաստվում կտրել իր երկար մազերը: «Լատինական Ամերիկայում ասում էին, որ երբ 40 տարեկան ես դառնում, չպետք է այդքան երկար մազեր ունենաս։ Այսպիսով, ես միշտ մտածում եմ. «Ժամանակը չէ՞»: Չգիտեմ, ես չեմ ուզում կարճ մազերով ինձ հնաոճ զգալ»։
Վերգարան նաեւ սիրում է թխվածքաբլիթներ ուտել, քանի որ, ինչպես ինքն է նշում, շաքարամոլ է։