Google Pixel սմարթֆոնների գլխավոր գործառույթը շուտով հասանելի կլինի iPhone ունեցողներին։ Խոսքը լուսանկարների խմբագրիչի նեյրոցանցի գործառույթների մասին է, որոնց Google-ը Photos հավելվածի՝ iOS-ի համար նախատեսված տարբերակին հասանելիություն կտրամադրի 2024-ի մայիսին։ Ներկայումս արհեստական բանականության այս գործառույթները հասանելի են միայն Pixel սմարթֆոնների օգտատերերին։
Ինչպես հայտնում է MacRumors-ը, խոսքը մի շարք գործառույթների մասին է, որոնք համակցված են Magic Editor գործառույթում: Դրանցում կիրառվում է գեներատիվ արհեստական բանականություն բարդ լուսանկարները խմբագրելու համար, օրինակ՝ կադրում անցանկալի առարկաները հանելը, որոշ մանրամասներ վերադիրքավորելը, կադրն ավելի հստակ դարձնելը, ֆոկուսից դուրս մնացած մասերը ֆոկուսի բերելը և այլն։
«Magic Editor-ը օգտատերերին հնարավորություն է տալիս արագ կատարել բարդ լուսանկարների խմբագրում, ինչն այլ իրավիճակներում հնարավոր կլիներ անել միայն ավելի պրոֆեսիոնալ միջավայրերում, ինչպիսին Photoshop-ն է»,- գրում է MacRumors-ը:
Magic Editor-ն ի սկզբանե հասանելի է միայն Pixel սմարթֆոնների օգտատերերին և Google One-ի բաժանորդներին: Մայիսի 15-ից Google Photos-ի օգտատերերը բոլոր հարթակներում կկարողանան փորձել ծառայությունը։ Այնուամենայնիվ, ծառայության հասանելիությունը կսահմանափակվի ամսական 10 խմբագրված լուսանկարների պահպանմամբ: