Առաջին բուժառուն, որի գլխուղեղում տեղադրվել է Neuralink-ի իմպլանտը, արդեն շախմատ է խաղում համակարգչով (տեսանյութ)

Այս տարվա հունվարին վիրահատվեց առաջին անդամալույծ կամավորը, որի գլխուղեղում տեղադրվեց Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերության իմպլանտը, ինչի շնորհիվ նա սովորեց կառավարել նոութբուքի կուրսորը բառացիորեն մտքի ուժով։ Ընկերությունն այժմ հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են ֆիզիկական նոր հնարավորությունները, որոնք կամավոր բուժառուն ձեռք է բերել այդ վիրահատությունից հետո: Նա արդեն տեսախաղեր և շախմատ է խաղում համակարգչով։

X սոցանցում հրապարակված տեսանյութում ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է 29-ամյա Նոլանդ Արբոյին, որը ողնուղեղի վնասվածք է ստացել և արդեն ութ տարի չի կարողանում օգտագործել բոլոր չորս վերջույթները։ Ինչպես բացատրել է ինքը՝ բուժառուն, որը նստած է հատուկ աթոռի վրա, չի կարող շարժել ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև ոչինչ չի զգում ուսից ներքև։

Նա ասել է, որ շատ հեշտ է տարել իմպլանտի տեղադրման վիրահատությանը և հենց հաջորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։ Սարքավորումների կարգավորումից և որոշ մարզումներից հետո նա սովորել է մտքի ուժով կառավարել նոութբուքի էկրանի կուրսորը։ Ավելի ուշ նա արդեն սկսել է  Civilization VI տեսախաղը և շախմատ խաղալ համակարգչով։

Այդուհանդերձ, Նոլանդ Արբոն շատ երկար չի կարող խաղալ, քանի որ իմպլանտի լիցքը բավարար է մի քանի ժամ շարունակական աշխատանքի համար, այնուհետ անհրաժեշտ է լիցքավորել: Իմպլանտն անլար է լիցքավորվում՝ հատուկ բարձր միջոցով։ Ենթադրվում է, որ սերիական տարբերակի դեպքում իմպլանտը կլիցքավորվի, երբ հիվանդը քնած կլինի։

Neuralink-ի իմպլանտով առաջին բուժառուն խոստովանել է, որ ընկերության տեխնոլոգիան զերծ չէ թերություններից, սակայն նա համոզված է, որ սա դեռ սկիզբն է միայն և նույնիսկ այս թերություններով հանդերձ իմպլանտը մեծապես փոխել է իր կյանքը:

CNBC-ի հետ զրույցում փորձագետները բացատրել են, որ նեյրոնային ինտերֆեյսների այլ մշակողները նման արդյունքների են հասել Neuralink-ից շատ առաջ, սակայն այս ընկերության գործունեությունը գիտական ​​հրապարակումների առումով դեռևս չափազանց ցածր է:

Դեռ ամիսներ հարկավոր կլինեն, նախքան ԱՄՆ կարգավորիչները Neuralink-ին թույլ կտան այլ կամավորների գլխուղեղում ևս տեղադրել իրենց իմպլանտը, իսկ ավելի ուշ՝ սկսել դրանց զանգվածային արտադրությունն ու տեղադրումը: Ընկերությունը հույս ունի ապագայում սովորել, թե ինչպես իր իմպլանտների օգնությամբ վերականգնել տեսողությունը։

Comments (0)
Add Comment