Ես որբի գլուխ չեմ, որ երբ ուզեք խուզեք․ Խորեն Լեւոնյանի եւ Իշխան Ղարիբյանի նոր՝ «Հայրենիքս» տեսահոլովակը` Հայաստանում տիրող իրականության մասին

Հայրենիքը սիրելու, չհանձնվելու եւ «չխուզելու» մասին նոր երգ ու տեսահոլովակ Խորեն Լեւոնյանի եւ Իշխան Ղարիբյանի կատարմամբ։ Դերասանները կրկին համագործակցել են, իսկ ասելիքը կրկին մեծ էր։ 

«Հայրենիքս մի թաս ջուր չէ, որ խմես կամ չխմես։ Հայրենիքս՝ դա կոշիկ չէ, որ փոշին մաքրես հագնես։ Հայրենիքս վերարկու չէ, ցուրտ օրերդ տաքացնես։ Հայրենիքս լույսի լար չէ, անջատես մթում թողնես․․․ Հայրենիքս անսահման չէ, որ մի մասն էլ վաճառես»։

Ազդեցիկ խոսքերով ու երաժշտությամբ երգը հեղինակել են Իշխան Ղարիբյանը, Խորեն Լեւոնյանն ու Տիգրան Աթայանը։ 

«Էս երկիրը որբի գլուխ չի, որ ով ուզի, երբ ուզի խուզի»,-Instagram-ում երգի մասին հրապարակումը Խորեն Լեւոնյանը մակագրել է Վազգեն Սարգսյանի խոսքերով, որոնք ոգեշնչում են դարձել նաեւ կրկներգի համար։ 

«Ես որբի գլուխ չեմ, որ երբ ուզեք խուզեք, ինչքան ուզեք խուզեք»։

Խորենի ու Իշխանի հերոսները ներկայացված են հոգեբուժարանում՝ զսպաշապիկներով, որտեղ նրանց փորձում են լռեցնել հոգեմետ հաբերով։ Ռեժիսորը Տիգրան Խաչատրյանն է։ Տեսահոլովակում դառն իրականության ու պայքարի ֆոնին կա նաեւ հղի կնոջ կերպար՝ որպես նոր ծննդի ու հույսի խորհրդանիշ։ «Հայրենիքս շատ հզոր է, թեկուզ մի քիչ վիրավոր, բայց ապրում ու սնուցում է, կյանք է տալիս ամեն օր»,-ասվում է երգում։ Հոլովակն ավարտվում է թունելի վերջում լույսով։

Բացի Խորեն Լեւոնյանից եւ Իշխան Ղարիբյանից՝ կարճ ֆիլմ հիշեցնող տեսահոլովակում հանդես են եկել Տիգրան Աթայանը, Անդրանիկ Խաչատրյանը, Սամվել Դանիելյանը, Հոսո Եգանյանը, Լենդ Մկրտչյանը, Հակոբ Գեւորգյանը, Սուրեն Ստեփանյանը, Ուիլյամ Հալաջյանը, Գագիկ Ջամալյանը, Գոհար Ղազարյանը, Արմեն Լեւոնյանը, Արամ Լեւոնյանը, Արսեն Խուջոյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Հրաչյա Հովսեփյանը։ Երգը Խորեն Լեւոնյանի համանուն՝ «Հայրենիքս» ձայնասկավառակից է։ 

Comments (0)
Add Comment