«Օզ երկրի կախարդը» ֆիլմի հայտնի կարմիր կոշիկները գողացած տարեց գանգստերը կարծել է, թե դրանք իսկական թանկարժեք քարերից են։
76-ամյա Թերի Ջոն Մարտինը գողացել է կինոյի պատմության մեջ ամենաբաղձալի ռեկվիզիտը՝ կարմիր կոշիկները, որոնք կրել է Ջուդի Գարլանդը «Օզի երկրի կախարդը» ֆիլմում, սակայն նա սխալմամբ մտածել է, թե կոշիկները պատված են իրական թանկարժեք քարերով, հայտնում է CBS-ը:
Նրա փաստաբանի խոսքով՝ Մարտինի նախկին «գործընկերը» համոզել է նրան գողանալ կոշիկները 2005 թվականին եւ «թոշակի» անցնել։ Մարտինը ծրագրում էր հանել սուտակները հայտնի կոշիկներից եւ վաճառել դրանք գնորդի միջոցով, սակայն շուտով պարզել է, որ քարերն իրականում ապակուց են։
Մարտինին գողության մեղադրանք չի առաջադրվել մինչեւ 2023 թվականը։ 2023 թվականի հոկտեմբերին Մարտինն իրեն մեղավոր է ճանաչել եւ հայտարարել, որ մուրճով կոտրել է Մինեսոտա նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքի Ջուդի Գարլենդ թանգարանի դուռը, ապա ցուցափեղկը եւ հեռացել հոլիվուդյան արտեֆակտներով: Կոշիկները ապահովագրված էին 1 մլն դոլարով։
Մարտինն ասել է, որ ազատվել է կոշիկներից, երբ հասկացել է, որ սխալ է թույլ տվել: Ըստ CBS-ի, ՀԴԲ-ն կոշիկները հայտնաբերել է 2018 թվականին Մինեապոլիսում իրականացված հատուկ գործողության արդյունքում: Իսկ հատուկ գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ մի տղամարդ մոտեցել է ապահովագրական ընկերություն եւ ասել, որ կարող է կոշիկները վերադարձնել, բայց պահանջել է 200,000 դոլար ավելի, քան առաջարկված պարգեւն էր: Կոշիկները դեռեւս գտնվում են ՀԴԲ-ի տրամադրության տակ, որը երբեք չի բացահայտել, թե ինչպես է իրենց հաջողվել գտնել դրանց հետքը:
Մարտինի փաստաբան Դեյն ԴեՔրեյը իր գրառման մեջ գրել է, որ նախկին գանգստերը վերջին տասնամյակում առաջին անգամ խախտել է օրենքը՝ ասելով, որ վերջին բանտարկությունից հետո հրաժարվել էր հանցագործ կյանքից:
ԴեՔրեյը պնդել է, որ իր հաճախորդը չգիտեր կոշիկների մշակութային նշանակությունը եւ երբեք չի տեսել 1939 թվականի մյուզիքլը:
Նշվում է, որ հիվանդ գողը գտնվում է հոսփիսային խնամքի տակ, եւ նրա կյանքին մնացել է վեց ամսից պակաս ժամանակ։ Թոքերի խրոնիկ խանգարիչ հիվանդության պատճառով նա մշտապես թթվածնի կարիք ունի։ Վերջին դատական նիստի ժամանակ նա եղել է անվասայլակով։
Մարտինի գողացած կոշիկները մեկն էին այն չորս զույգերից, որոնք Գարլանդը կրել էր ֆիլմի նկարահանումների ժամանակ եւ համարվում են Հոլիվուդի Սուրբ Գրաալը։ Մի զույգ կոշիկ պահվում է Սմիթսոնյան ամերիկյան պատմության թանգարանում, մյուսը՝ Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայում, իսկ երրորդը պատկանում է մասնավոր կոլեկցիոների։ Դաշնային դատախազները կոշիկների ներկայիս շուկայական արժեքը գնահատում են, մոտավորապես, 3,5 միլիոն դոլար: