10 ՏՏ մասնագիտություններ, որոնք 2024-ին մեծ պահանջարկ կունենան և բարձր կվարձատրվեն

Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել ՏՏ մասնագիտություն, սակայն չգիտեք, թե ինչ սովորել: Այս տարվա բարձր վարձատրվող, խոստումնալից և պահանջարկ ունեցող մասնագիտությունների՝ NEWS.am Tech-ի կազմած ցանկը կարող է օգնել ձեզ այս հարցում։

1. DevOps ինժեներ

DevOps-ի ինժեներները, անկասկած, այս տարի մնում են ամենապահանջվածներից: Այս մասնագետները մեկտեղում են նախագծի բոլոր մասերը։ Նրանք ծանոթ են ծրագրավորողների, փորձարկողների, համակարգի ադմինիստրատորների և այլ մասնագետների աշխատանքի առանձնահատկություններին և օգնում են պարզեցնել նրանց աշխատանքը։ Նրանք նաև հասկանում են բիզնեսի կամ հաճախորդի կարիքները և օգնում այդ կարիքների շուրջ աշխատանքային գործընթաց ստեղծել:

2. Ծրագրաշարի ճարտարապետ

Գրեթե յուրաքանչյուր խոշոր ընկերություն ձգտում է բարելավել գոյություն ունեցող հավելվածները կամ ստեղծել նորերը, ուստի ծրագրային ապահովման և հավելվածների ճարտարապետները, որոնք նախագծում են ծրագրի հիմնական մասերը (օգտվողի միջերես, միջանկյալ ծրագրակազմ և այլն) կշարունակեն մեծ պահանջարկ վայելել։

3. Տվյալագետ

Տվյալների գիտնականները, ներառյալ մեծ տվյալների ինժեներները (Big data engineers), որոնք կառուցում և պահպանում են ենթակառուցվածքը տվյալների հետ աշխատելու համար, ներառյալ մեծ տվյալների (Big data), և դրանց նախնական մշակումը, նույնպես մեծ պահանջարկ կունենան:

4. Տեղեկատվական անվտանգության մենեջեր

Տվյալների անվտանգության և գաղտնիության թեման այսօր ավելի արդիական է, քան երբևէ: Հետևաբար, արդիական են նաև այն մասնագիտությունները, որոնց տիրապետողներն ապահովում են հենց այս անվտանգությունը՝ տեղեկատվական համակարգերի անվտանգության մենեջերներ/վերլուծաբաններ, ցանցային անվտանգության ինժեներներ, համակարգերի անվտանգության ադմինիստրատորներ, տվյալների անվտանգության վերլուծաբաններ և այլն:

5. Ինժեներ-ծրագրավորող

Ինժեներ ծրագրավորողները (Software engineers, նաև կոչվում են ծրագրավորող/մշակող) պատասխանատու է ծրագրակազմ ստեղծելու համար: Նման մասնագետների, հատկապես փորձառու մասնագետների պահանջարկը մեծ է բոլոր ոլորտներում, իսկ նրանց աշխատավարձը բարձր է։ Շատ մենեջերներ աշխատանքի վերցնելիս փնտրում են C#, C++ կամ Java, ինչպես նաև .NET Framework-ի փորձ ունեցող մասնագետների:

6. ERP ինտեգրման մենեջեր

ERP (ձեռնարկության ռեսուրսների պլանավորում) ինտեգրման մենեջերները ղեկավարում են կազմակերպությունում ձեռնարկության ռեսուրսների պլանավորման (ERP) համակարգերի ներդրումը և այդ համակարգերը բարելավելու նախագծերը: Նման մասնագետները մեծ պահանջարկ ունեն, մանավանդ, որ աշխատաշուկայում դրանք բավականին քիչ են։

7. Ավագ վեբ ծրագրավորող

Ավագ վեբ ծրագրավորողներն աշխատում են վեբ հավելվածների և կայքերի նախագծման, կառուցման և օպտիմալացման վրա: Այսօր աշխատաշուկայում կան շատ վեբ ծրագրավորողներ, բայց իսկապես փորձառուներն աշխատանք գտնելու դժվարություն չեն ունենա:

8. ՏՏ տնօրեն

ՏՏ տնօրենը մասնագետ է, որը ղեկավարում է ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը և պատասխանատու է առկա ենթակառուցվածքի աշխատունակության համար, որոշում է ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ հաշվի առնելով բիզնեսի պահանջները, ինչպես նաև ներգրավված է բիզնես գործընթացների ավտոմատացման մեջ:

9. Ամպային ճարտարապետ

Ամպային լուծումների ճարտարապետը (կամ պարզապես ամպային ճարտարապետը) մասնագետ է, որը ղեկավարում է ընկերության ամպային ճարտարապետությունը: Նրա պարտականությունները ներառում են բիզնեսի վիրտուալացման հետ կապված ամեն ինչ (ծրագրային հարթակներ, պահեստավորում, սերվերներ, ցանցեր և այլն): Ցանկացած ընկերություն, որը կորոշի տեղափոխվել ամպ, նման մասնագետների կարիք ունի։

10. Տվյալների բազա մշակող

Տվյալների բազա մշակողը մասնագետ է, որն ստեղծում, փորձարկում և պահպանում է տվյալների բազաները: Նման մասնագետների պահանջարկը բավականին մեծ է, և տեսանելի ապագայում այն ​​դժվար թե նվազի։

Comments (0)
Add Comment