Երգիչ Արսեն Գրիգորյանը ժամանակավորպես գտնվում է ԱՄՆ-ում: Այս անգամ այցը պայմանավորված է այնտեղ իր ստուդիայի բացման աշխատանքներով եւ սաների ամերիկյան համերգով, որը կայացել է դեկտեմբերի 16-ին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը պատմել է Միացյալ նահանգներում իր ծրագրերի, իր դպրոցի սաների համերգի եւ իր գործունեության մասին:
«2018 թ-ից Երեւանում հիմնելով Արսեն Գրիգորյանի երգարվեստի դպրոց-ստուդիան, հասնելով ինչ-որ կետի, ունենալով 3 համերգ, մի շարք երգեր, տեսահոլովակներ ու մրցանակներ՝ որոշեցի ժամանակավոր գործունեությունս շարունակել Միացյալ Նահանգներում՝ այստեղ բացելով նոր դպրոց-ստուդիա, որը գտնվում է Գլենդելում»,-պատմում է արտիստը,-«Grand Stage Dance ստուդիայի հետ համատեղ մենք բացեցինք Grand Stage Vocal Studio-ն, որն Arsen Grigoryan Studio-ի մասնաճյուղն է հանդիսանում: Լսումները սկսել ենք օգոստոսից, իսկ սեպտեմբերից սկսեցինք մեր դասերը»:
Արսենը նշում է՝ պատահական չէ, որ իր սաների համերգը տեղի է ունեցել հենց դեկտեմբերի 16-ին: «Այն շատ խորհրդանշական օր է մեզ համար, քանի որ 2019 թ-ի դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Arsen Grigoryan Studio-ի առաջին մենահամերգը Երեւանում»:
Ապագա արտիստները 23 երգից բաղկացած ծրագիր են ներկայացրել: Համերգին մասնակցել են ստուդիայի բոլոր սաները՝ ներկայացնելով ինչպես անհատական կատրարումներ, այնպես էլ զուգերգներ: «Ես շատ եմ կարեւորում համերգների երգացանկը՝ շատ կարեւոր է, որ մարդիկ լավ երաժշտություն լսեն: Քանի որ Միացյալ Նահանգներում ենք, հնչել են եւ հայերեն, եւ անգլերեն երգեր»,-ասում է Արսենը:
Ելույթ է ունեցել նաեւ Արսեն Գրիգորյանը՝ ներկայացնելով իր հիթային ստեղծագործությունները: Արսենի խոսքով՝ ունեն նաեւ նոր նախագիծ, որը կոչվում է Imagine՝ ոգեշնչված Ջոն Լենոնի համանուն երգից: «Մենք շատ բուռն ենք տրամադրված, եւ սրանք դեռ մեր առաջին քայլերն են»,-հավելում է երգիչը:
Գործի բերումով Արսենը Նոր տարին դիմավորել է Միացյալ Նահանգներում, ինչը նրա խոսքով՝ առաջին դեպքը չէ իր կյանքում:
«Առաջին անգամ չէ, որ այլ երկրում եմ դիմավորում Նոր տարին, շատ անգամներ է եղել, որ համերգային գործունեությամբ պայմանավորված՝ Նոր տարվա գիշերն անցկացրել ենք այլ երկրներում: Այս պահին ընտանիքով Միացյալ Նահանգներում ենք, որտեղ ունենք հրաշալի ընկերներ. մի քանի ընտանիքներով հավաքվեցինք ժամանցի վայրերից մեկում ու հրաշալի երեկո անցկացրինք: Տարին սկսել ենք ուրախ տրամադրությամբ»:
Երգիչը խոստանում է՝ Նոր տարում կուրախացնի նորություններով, իսկ ամենակարեւոր ցանկությունն ու մաղթանքը խաղաղությունն է.
«Որպես հայ՝ մաղթում եմ, որ մեր սուրբ հողը մնա անառիկ, որ մի թիզ անգամ չպակասի մեր հողից, որ բոլոր մայրերը հանգիստ իրենց գլուխները դնեն բարձին, թող երեխաները մեծանան խաղաղության մեջ եւ մեր բոլոր սերունդներն ապրեն խաղաղությամբ: Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, հայ մարդուն՝ ժպիտ: Իմ առաքելությունը որպես երգիչ մնում է հայ հանդիսատեսի համար երգելը, նոր երգեր ստեղծելը, իսկ իբրեւ ուսուցիչ՝ սերունդներ դաստիարակելը, ինչով զբաղվում եմ տարիներ շարունակ»:
Սյունե Առաքելյան