89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Малый» թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը, հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Բորիս Լյուբիմովին։ Նա հավելել է, որ Սոլոմինը մահացել է հիվանդությունից հետո։
Հունվարի 9-ին Սոլոմինը դուրս էր գրվել հիվանդանոցից, որտեղ գտնվում էր անցյալ տարվա նոյեմբերի 6-ից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովան, նա ինսուլտ էր տարել։
Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին։ Նա Սովետական եւ ռուս հայտնի դերասան էր, ռեժիսոր, թատրոնի ուսուցիչ։ 1988 թվականից՝ Ռուսաստանի պետական ակադեմիական «Малый» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Նրա լավագույն կինոգործերից են՝ Պավել Կոլցով («Նորին գերազանցության ադյուտանտը», 1969 թ.), Վլադիմիր Արսենեւ («Դերսու ուզալա», 1975 թ.), մայոր Զվյագինցեւ («Շրջափակում», 1975- 1978) , Պանդոկապետը եւ Հենրիխ Էյզենշտեյնը (հեռուստաֆիլմեր «Սովորական հրաշք» եւ «Չղջիկը», երկուսն էլ 1979 թ.), Վլադիմիր Ալեքսանդրովիչ («Լույսը պատուհանում», 1980 թ.), Բժիշկ Գրադով («Մոսկվայի սագա», 2004 թ.)։
2020 թվականին Սոլոմինին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում։ Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I, II, III եւ IV աստիճանների շքանշանով։