Հայ գիտնականները հայտնաբերել են Ալցհայմերի հիվանդությանը նպաստող ամիլոիդ պեպտիդների ագրեգատների գոյացումը կանխարգելող միջոցներ

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում հետազոտվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզած երկու նոր միացություններ` N-բենզոիլ-DL-վալինիդիմեթիլամինոէթիլամիդիյոդմեթիլատ (TVA) և 1-(2-դիէթիլամինոէթիլի)-2-ֆենիլ-4-բենզիլիդեն-5-իմիդազոլոն (TVS): Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, այդ միացություններն ընկճում են Ալցհայմերի հիվանդության զարգացմանը նպաստող ացետիլխոլինէսթերազ և բուտիրիլխոլինէսթերազ ֆերմենտների ակտիվությունները:

Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա և խաթարում է միջբջջային հաղորդակցությունը:


Նկարագրվել են դրանց օպտիկական կլանման և ֆլուորեսցենցիայի սպեկտրները:

«Ստացած տվյալները վկայում են, որ նոր սինթեզած միացությունները նվազեցնում են ամիլոիդ բետա պեպտիդների ագրեգացման գործընթացը և քայքայում պեպտիդների ձևավորված տոքսիկ ագրեգատները։ Բջջային կուլտուրայում կատարած հետազոտությունները ցույց են տվել նաև, որ TVA և TVS միացությունները թուլացնում են ամիլոիդ բետա պեպտիդի ագրեգատների ազդեցության հետևանքով առնետի ուղեղի հիպոկամպի բջիջների նեյրոդեգեներատիվ գործընթացները և մահացությունը՝ ցուցաբերելով նյարդապաշտպան հատկություն»,- ասել է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը:

Նա նշել է, որ այս միացությունների հետագա նախակլինիկական հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա դրանց հիման վրա ստեղծել Ալցհայմերի հիվանդության կանխարգելման և բուժման նոր դեղամիջոցներ:

Արդյունքներն ընդունված են տպագրության Նեյրոքիմիա միջազգային գիտական հանդեսում՝ S.S. Mardanyan, L.G. Karapetyan, A.A. Antonyan, S.G. Sharoyan, H.V. Gasparyan, S. Buloyan, H.A. Harutyunyan, A.E. Pogosyan, L. Arshakyan, A.A. Hovhanesyan, V.O. Topuzyan. Optical Characteristics and Neuroprotective Properties of β-dimethylaminoethylamide n-benzoyl-dl-valine iodmethylate and 1-(β-diethylaminoethyl)-2-phenyl-4-benzylidene-5-imidazolone; Neurochemistry (Russia)։

Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Հակաացետիլխոլինէսթերազային ակտիվությամբ օժտված քիմիական միացությունների սինթեզ և դրանցով Ալցհայմերի հիվանդության բուժման հնարավոր ուսումնասիրումը» (№18T-1D124) թեմատիկ ծրագրի շրջանակում: 

Comments (0)
Add Comment