«Պարազիտները» ֆիլմի դերասան Լի Սուն-Կյունը մահացած է հայտնաբերվել

Հարավկորեացի դերասան Լի Սուն-Կյունը, ով հանրությանը հայտնի է «Օսկարի» արժանացած «Պարազիտները» ֆիլմում իր դերով, մահացել է թմրանյութերի անօրինական օգտագործման համար հետաքննության ժամանակ։ Նա 48 տարեկան էր։

Սեուլի ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ իրենք իրենց թեժ գծով անհայտ կորածի մասին հաղորդում են ստացել Լիի մենեջերից: Լիին չորեքշաբթի առավոտյան գտել են իր մեքենայում, գրում է CNN-ը։

Ոստիկանությունից հայտնել են, որ, ենթադրաբար, մահվան պատճառն ինքնասպանությունն է։

Ինչոն քաղաքի ոստիկանությունը հաստատել է, որ Լին հոկտեմբերից երեք անգամ հարցաքննվել է թմրանյութերի ենթադրյալ օգտագործման հետաքննության շրջանակում:

Վերջին անգամ դեկտեմբերի 23-ին են Լիին ոստիկանություն կանչել եւ 19 ժամ պահել բաժանմունքում:

Հետաքննության ընթացքում Լիի թմրանյութերի թեստերը բացասական են եղել, ասել է Ինչոնի ոստիկանությունը՝ չնշելով, թե քանի թեստ է նա անցել:

Դերասանը պնդել էր, որ իրեն խաբեությամբ են ներքաշել թմրանյութերի օգտագործման մեջ, իսկ հետագայում շանտաժի է ենթարկվել նույն անձի կողմից: Ըստ ոստիկանության, Լին հայց է ներկայացրել ենթադրյալ զրպարտողի դեմ:

Ոստիկանությունից հայտնում են, որ թմրանյութերի հետաքննության շրջանակում ձերբակալվել են մեկ տղամարդ եւ մեկ կին։

Լիի հուղարկավորությունը տեղի կունենա ընտանիքի անդամների եւ գործընկերների մասնակցությամբ, հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նրա Hodu & U Entertainment գործակալությանը:

Comments (0)
Add Comment