Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված գրեթե բոլոր ավտոմեքենաները՝ ավելի քան 2 մլն ավտոմեքենա: Հետկանչման ծրագիրը գործարկվել է այն բանից հետո, երբ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունն (NHTSA) ուսումնասիրել է մոտ 956 վթար, որոնց ժամանակ միացված է եղել ավտոմեքենայի ինքնակառավարման (Autopilot) գործառույթը։
Այս մասին ասվում է NHTSA-ի հրապարակած նամակում։ Ընդհանուր առմամբ, հետ կկանչվի Autosteer (ավտոմատ ղեկ) գործառույթով 2,031,220 ավտոմեքենա։ Խոսքը հետևյալ մոդելների մասին է․
- Tesla Model S 2012-2023-ի արտադրության,
- Tesla Model X 2016-2023-ի արտադրության,
- Tesla Model 3 2017-2023-ի արտադրության,
- Tesla Model Y 2020-2023-ի արտադրության։
Ընկերությունը համաձայնել է տրամադրել անվճար ծրագրային ապահովման թարմացում: NHTSA-ի նամակում նշվում է, որ որոշ դեպքերում վթարի ռիսկը կարող է աճել, երբ.
«Ավտոմատ ղեկը միացված է, և վարորդը պատասխանատվություն չի կրում ավտոմեքենայի շահագործման համար և պատրաստ չէ միջամտել անհրաժեշտության դեպքում կամ չի կարող հասկանալ, թե երբ է ավտոմատ ղեկն անջատված կամ միացված չէ»: