Ի՞նչը կարող է դառնալ չափից շատ քնկոտության պատճառ

Չափից ավելի քնկոտության ախտանշանը կարող է վկայել ամենատարբեր հիվանդությունների մասին եւ բավական հաճախ է հանդիպում։ Ի՞նչ վիճակ է դա, եւ ինչպե՞ս պայքարել դրա դեմ. այս մասին պատմել է բժիշկ-թերապեւտ Ալեքսանդր Լավրիշչեւը, տեղեկացրել է «Вечерняя Москва» պորտալը։

Եթե դուք վերջին մեկ տարվա ընթացքում բժշկի չեք այցելել, արեք դա եւ նրան տեղեկացրեք քնկոտության մասին։ Ձեզ համար կնշանակեն լրացուցիչ թեստեր, որոնք կարող են լույս սփռել ձեր վիճակի վրա։ Եթե չափից ավելի քնկոտությունը նկատվում է մի մարդու մոտ, որը խռմփացնում է, անհրաժեշտ է դիմել սոմնոլոգի։ Սոմնոլոգը զբաղվում է քնի խանգարումներով, եւ նա էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակի շնչառական մոնիթորինգի անցկացում։ Ձեզ կտան հարմարավետ սարք տուն տանելու համար, որը պետք է ամրացնել մարմնին, եւ որը կուսումնասիրի ձեր քունը, եւ որ գլխավորն է՝ կօգնի պարզել շնչառության կանգերը քնի ժամանակ (ափնոե)։

Այսօր այդ հիվանդությունը բազմաթիվ այլ վիճակների (ճարպակալում, դիաբետ, հիպերտոնիա, ինֆարկտ եւ ինսուլտ) «չար հանճարն» է։ Համոզվեք, որ ձեր քնի ռեժիմը համարժեք է. դուք պառկում եք քնելու նույն ժամին, իսկ ձեր ննջասենյակում մութ է եւ լուռ։ Եթե այս պայմանները պահպանված են, արժե դիմել թերապեւտի եւ քննարկել հնարավոր պատճառները։

Եթե զննման արդյունքում չի հաջողվում ստանալ հասկանալի պատասխաններ, անպայման տագնապի եւ դեպրեսիայի սքրինինգ անցեք թերապեւտի, նյարդաբանի եւ ավելի լավ կլինի՝ հոգեբույժի մոտ։ Վերջինը հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, որոնք քնելուց առաջ ալկոհոլ են օգտագործում, որպեսզի ավելի լավ քնեն։

Իսկ ինչ վերաբերում է  շատերի սիրած սուրճին, ապա օրական մինչեւ երեք գավաթ սուրճի կանոնավոր օգտագործումը զգալի ազդեցություն չի թողնում քնի եւ ճնշման վրա, բայց եթե այդ նորմը չարաշահում եք, ապա արժե փորձել կրճատել դրա օգտագործումը։

Չափից ավելի քնկոտությունը կարող է մատնանշել քնի այնպիսի խանգարումներ, ինչպիսին են ափնոեն (քնի մեջ շնչառության կանգը), դեպրեսիան, քրոնիկական հոգնածության ախտանշանը, անեմիան, վահանաձեւ գեղձի հիվանդությունները։

Comments (0)
Add Comment