Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման արարողությունը։ Մասնակից 16 երկրների պատվիրակությունները քայլեցին կարմիր գորգով։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը արարողության համար ընտրել էր դասականի, մանկականի ու մոդեռնի միքսը։ Խմբի աղջիկները՝ Նանեն, Սյուզին, Կամիլան, Նենսին ու Աիդան կրում էին երկնագույն երանգի կոստյումներ՝ խոշոր արծաթագույն զարդանախշերով։
Աղջիկները պատասխանել են նաեւ հաղորդավարների հարցադրումներին՝ նշելով, որ անչափ ուրախ են, որ հնարավորություն են ստացել Հայաստանը ներկայացնելու մրցույթում։
Արարողությունից հետո պարզ է դարձել, որ մեր ներկայացուցիչները մրցույթում ելույթ են ունենալու 8-րդը։
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը մրցույթին կատարելու է «Do It My Way» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Հայաստանը ներկայացնող Yan Girls-ի օգտին կարող եք քվեարկել նաեւ Հայաստանից։ Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից՝ jesc.tv կայքում, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի եւ ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ):
NEWS.am STYLE-ն օրերս հասցրել էր հանդիպել աղջիկներին ու զրուցել նրանց առօրյայի ու տրամադրվածության մասին։ Հարցազրույցն՝ այստեղ։