Ամերիկահայ Թալին Մարին կմասնակցի «Դուբայի իսկական տնային տնտեսուհիները» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանին։
«Ոգեւորված եմ, վերջապես, հայտարարելու, որ ես «Դուբայի իրական տնային տնտեսուհիները» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի նոր մասնակիցն եմ: Շնորհակալություն @bravotv-ին եւ @bravoandy-ին՝ այս անհավանական ճանապարհորդության ընթացքում շարունակական աջակցության եւ սիրո համար: Ես ինձ այնքան երջանիկ եւ հուզված եմ զգում, որ դարձել եմ @nbcuniversal-ի Bravo-ի նախագծի մի մասնիկը»,-Instagram-ում գրել է Թալինը։
Թալինը միակ նոր տնային տնտեսուհին է, որը միանում է ռեալիթի շոուի երկրորդ սեզոնին: Երկու երեխաների մայրը ընտանիքին նվիրված կին է, բայց լուրջ է վերաբերվում իր բիզնեսին: Թալինն ունի իր սեփական ֆիթնես բրենդը: Թեեւ Թալինը ծագումով Դուբայից չէ, արդեն, գրեթե, 8 տարի է՝ ապրում է այնտեղ։
Թալին Մարին մեծացել է ԱՄՆ-ում։ Նա սովորել է Սանտա Մոնիկա քոլեջում՝ հաղորդակցություններ եւ ԶԼՄ բաժնում, այնուհետեւ իր կարիերան է սկսել երաժշտական ասպարեզում:
Նա պրոֆեսիոնալ երգչուհի է, ով բացել է Քրիստինա Ագիլերայի համերգը Դուբայում:
Թալինը տպավորիչ ելույթներով է հանդես եկել նաեւ Սպիտակ տանը եւ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի առաջ:
Նրա երաժշտությունը հայտնվել է America’s Next Top Model եւ American Idol նախագծերում, եւ նա ԴեԱնդրե Բրաքենսիկի հետ գրել է «Her Crazy» սինգլը, որը չարթերում բարձր հորիզոնականներ է զբաղեցրել։
2014 թվականին նա ամուսնացել է Al Ryum ընկերության գլխավոր տնօրեն Ռաֆայել Հանոյանի հետ։