Արարքների ու հետեւանքների ձգողականությունը․ Մկրտիչ Արզումանյանի «Գրավիտացիա» մոնոներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը (VIDEO)

Գրավիտացիան՝ որպես մարդու արարքներին համարժեք պատասխան։ Մկրտիչ Արզումանյանն իր նոր մոնոներկայացմամբ պատմեց, թե ինչպես են արարաքներն առաջ բերում համարժեք հետեւանքներ, ինչը ներկայացվեց մեր անցյալի ու ներկայի օրինակներով, որոնք մտածելու տեղիք են տալիս ապագայի մասին։

Դերասանի «Գրավիտացիա» ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ երեկ՝ նոյեմբերի 7-ին՝ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 

Ներկայացման հերոսը ֆիզիկոս Գեւորգ Համբարձումյանն է, ով արժանացել է Նյուտոնի անվան համաշխարհային մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Ոսկե խնձորին»: Նա ունի ընդամենը 20 վայրկյան, որպեսզի բեմից ասի ամեն ինչ, ինչ մտածում է: Նա ունի իր բազմաթիվ հարցերի պատասխանները, եւ գիտի՝ ինչպես փոխել իրողությունը, բայց անկարող է փոխել իր անկումը, քանի որ գրավիտացիան անում է իր գործը, եւ անկումն անկասելի է… 

Բազմաթիվ կոչումների արժանացած ֆիզիկոսը, ինչպես շատ գիտնականներ, Հայաստանում իր տեղը չգտնելով, իրեն պահանջված չզգալով՝ ստիպված լքել է երկիրը: Միեւնույն ժամանակ նա շատ հայրենասեր է, եւ տանջվում է այն մտքից, որ լքել է հայրենիքը, անընդհատ նշում է, որ ինքը հայ է, թեեւ փորձում են խեղաթյուրել իր ծագումը: Նա գրավիտացիայի միջոցով փորձում է ներկայացնել այն ամենը, ինչի միջով անցել ենք, ինչ մեզ հետ տեղի է ունենում, եւ, գուցե, տեղի ունենա ապագայում

Ներկայացումը սկսվում է ամենացավոտ դեպքերի ու խնդիրների բարձրաձայնմամբ։ Թեմաները, պարբերաբար, փոխվում են, եւ հուզմունքն ընթացքում փոխարինվում է ժպիտով, ծիծաղով եւ բուռն ծափահարություններով՝ հատկապես այն հատվածներում, որտեղ հումորի ենթատեքստում ներկայացված է ակնհայտ իրականությունը։ 

Պիեսի հեղինակը Նարեկ Ավագյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Կարո Բալյանը։ 

««Գրավիտացիան» տարբեր մտքերից առաջացած կոլեկտիվ աշխատանքի արդյունք է:  Նարեկն ու Կարոն իմ շատ լավ ընկերներն են, որոնց հետ բազմիցս դժվար նախագծեր եմ անցել, եւ, ի ուրախություն ինձ, կարողացանք համախմբվել նաեւ այս նախագծի շուրջ, որն իր մեջ շատ հաղորդագրություններ է պարունակում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է Մկրտիչ Արզումանյանը։ 

Ռեժիսոր Կարո Բալյանի խոսքով՝ խնդիրները փորձել են ներկայացնել գլոբալ տեսանկյունից։ 

«Գրավիտացիան ձգողականությունն է, իսկ դա մենք օգտագործել ենք, որպես արված արարքի արժանավոր պատասխան։ Մկրտիչ Արզումանյանի հետ արդեն երրորդ ներկայացման շուրջ ենք աշխատում։ Մի ամբողջ թիմ է աշխատում մեզ հետ, մեծ մասշտաբների աշխատանք է տարվում։ Մենք մեր մտքերն ու մտորումներն արտահայտում ենք մեկ ներկայացումով եւ ցանկանում ենք, որ մեր ձայնն այսպես լսելի դառնա, իսկ ցանկացած մարդու համար հաճելի է, երբ ստեղծագործում է ու կարեւոր բան ունի ասելու, որը հասնում է իր ունկնդրին։ Այս դեպքում, տա Աստված, որ կարճ ժամանակ անց այս ներկայացումն արդի չլինի, այսինքն՝ այնտեղ ներառված խնդիրները գտնեն իրենց լուծումները»։ 

Մկրտիչ Արզումանյանն ասում է՝ «Գրավիտացիա»-ն այնպիսի պիես է, որը, գուցե, ժամանակի հետ փոփոխվի, հղկվի եւ ներառի այլ իրադարձություններ։

Պիեսի բեմադրող նկարիչը Արեւ Պետրոսյանն է, կոմպոզիտորը՝ Անահիտ Մնացականյանը, հագուստի նկարիչը Յուլիա Ֆինկն է, պաստառը՝ Արվին Քոչարյանի, նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր՝ Մկրտիչ Արզումանյան։ 

Սյունե Առաքելյան

Comments (0)
Add Comment