Սելին Դիոնի, Ուիթնի Հյուսթոնի եւ Սթիվի Ուանդերի հիթերը՝ հայ արտիստների կատարմամբ եւ Էստրադային-սիմֆոիկ երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ:
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Եռալեգենդ երեկո»՝ հիշողությունների ու հին ու սիրված հիթերի նոր մեկնաբանությունների ուղեկցությամբ: Լեփ-լեցուն համերգասրահն ու հանդիսատեսի բուռն արձագանքը ապացուցեցին, որ կան երաժիշտներ, որոնք, իսկապես, լեգենդ են, եւ երգեր՝ որոնք դիմակայում են տասնամյակների փորձությանը ու հնչում նույնքան սպասված ու գեղեցիկ:
Համերգի հանդիսավար Ժակը հենց սկզբից խոստացավ գեղեցիկ երեկո, ինչն ապահովեցին մասնակից արտիստները՝ Մադլենը, Սյուզաննա Մելքոնյանը, Սրբուկը, Արամ mp3-ն, Գոռ Սուջյանը, Սեդա Սեյրանյանը եւ Մարկ Հայրապետյանը: Նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր Քավե Զյուլեն:
Արտիստները ոգեւորությամբ էին ընդունել լեգենդների երգերը ներկայացնելու առաջարկը:
«Մեզանից յուրաքանչյուրի համար անչափ կարեւոր է այս երգերը ներկայացնելը. բոլորս շատ հուզված ենք»,-նշեց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Իսկ Արամ mp3-ն վերհիշեց իր եւ Սթիվի Ուանդերի հանդիպումը, որը երգչի խոսքով՝ տպավորիչ էր:
«Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որին ոչ միայն բախտ է վիճակվել ներկա գտնվել Սթիվի Ուանդերի համերգին, այլեւ ինձ թույլ են տվել գնալ ետնաբեմ ու սեղմել նրա ձեռքը. հետո այդ ձեռքս չէի լվանում մի քանի օր»,-կատակեց արտիստը:
Արտիստների ելույթներից փոքրիկ հատվածներ՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում:
Սյունե Առաքելյան