Ժամանակակից «գերկապակցված» աշխարհը լի է կիբեռսպառնալիքներով, որոնք չեն կարող անտեսել ո՛չ բիզնեսը, ո՛չ էլ կառավարությունները, հակառակ դեպքում հետևանքները կարող են իսկապես սարսափելի լինել, կարծում է Cisco EMEA-ի տնօրեն Էրիկ Վեդելը: Իհարկե, լավ նորությունն այն է, որ այս կիբեռսպառնալիքների դեմ պայքարող մասնագետները մշտապես բարելավում են իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչը թույլ է տալիս բացահայտել սպառնալիքները և հաջողությամբ արգելափակել դրանք:
Silicon Mountains 2023 գագաթնաժողովի շրջանակում Էրիկ Վեդելը մասնակցել է «խելացի բիզնես» թեմայով պանելային քննարկմանը և խոսել կիբեռանվտանգության և դրա կարևորության մասին և՛ բիզնեսի, և՛ կառավարության համար:
Ինչպե՞ս և ինչու են փոխվել կիբեռսպառնալիքները
NEWS.am Tech-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ վերջին շրջանում կիբեռանվտանգության ոլորտում սպառնալիքները դարձել են ավելի բարդ ու կառուցվածքային։ Եթե նախկինում կիբեռհարձակումների մեծ մասը ղեկավարում էին միայնակ գործող հաքերները, որոնք վիրուսներ էին մշակում իրենց ավտոտնակներում, ապա այժմ գործ ունենք ամբողջ էկոհամակարգերի հետ, որոնց երբեմն պետություններ և տարբեր կազմակերպություններ են հովանավորում:
Ըստ Վեդելի՝ կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների առջև ծառացած մարտահրավերները վերջին տարիներին զգալիորեն փոխվել են իրենց բնույթով։ Եվ դրանում լուրջ դեր խաղաց ոչ միայն փաստը, որ շատ ընկերություններ սկսեցին իրենց հավելվածներն ու այլ տվյալները տեղափոխել ամպ, այլ նաև 2019-ի կորոնավիրուսային համաճարակը։ Շատերն սկսեցին աշխատել հեռավար՝ տնից, աշխատանքային համատեղ տարածքներից (քովորքինգ), սրճարաններից և այլ վայրերից, և դա մեծ ազդեցություն ունեցավ կիբեռանվտանգության ոլորտի վրա, քանի որ մասնագետների համար ավելի դժվար էր դարձել հետևել, թե որ աշխատակիցը երբ, որտեղից, ինչ սարքով է մուտք գործում ընկերության տվյալներ և կոնկրետ ինչ է անում: Այս ամենի արդյունքում, իհարկե, առաջացան այնպիսի խնդիրներ, որոնք քչերը կարող էին պատկերացնել ընդամենը մի քանի տարի առաջ։
Ի՞նչ կարելի է անել
Ժամանակակից կիբեռսպառնալիքների դեմ պայքարում մասնագետը խորհուրդ է տալիս չանտեսել մեքենայական ուսուցման ալգորիթմների օգնությունը, ինչը կօգնի մեծ ծավալի տեղեկատվության մշակմանը և տեղեկատվական աղմուկի նվազեցմանը։ Լեզվական մեծ մոդելները և գեներատիվ արհեստական բանականությունը, ըստ Վեդելի, կարող են անվտանգության օպերատիվ կենտրոնների վերլուծաբաններին մեծապես օգնել հարթահարելու կիբեռսպառնալիքները։
Կիբեռսպառնալիքների դեմ պայքարի առանցքային կետերը, ըստ մասնագետի, մնում են նաև տեղեկատվական համակարգերի թափանցիկության ապահովումը և կիբեռռիսկերի վերաբերյալ աշխատակիցների տեղեկացվածության բարձրացումը։
«Մեր ոլորտում հաճախ ասում են, որ ամենաթույլ օղակը գտնվում է ստեղնաշարի և աթոռի միջև է: Խոսքը մարդու մասին է։ Սակայն մարդուն մեղադրելու փոխարեն պետք է նրան կրթենք, տեղեկացնենք, սովորեցնենք ավելի շատ պատասխանատվությամբ մոտենալ այն գործին, որ անում է»,- նշեց մասնագետը։
Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակը բարձրացնելու համար նա նաև խորհուրդ է տալիս երիտասարդ սերնդի կրթությանը մոտենալ ամենայն պատասխանատվությամբ. դեռ դպրոցական տարիքից երեխաներին պետք է պատմել կիբեռսպառնալիքների մասին և սովորեցնել գրագետ վարքագիծ դրսևորել։
Կարո՞ղ են ընկերություններն ինքնուրույն ապահովել իրենց կիբեռանվտանգությունը
Ըստ Վեդելի՝ սովորաբար փոքր և միջին բիզնեսին ավելի ձեռնտու է օգնության դիմել կիբեռանվտանգությամբ զբաղվող ընկերություններին, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ անվտանգության մասնագետների առանձին բաժին ունենալ:
Խոշոր ընկերությունները հաճախ ունեն նման բաժիններ, բայց նույնիսկ նրանք հաճախ արտաքին փորձագետների հետ համագործակցության և աութսորսինգի կարիք ունեն: