WhatsApp-ում կփոխվի ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևը

WhatsApp-ի ծրագրավորողները ամբողջությամբ վերամշակել են մեսենջերում ձայնային և տեսահաղորդագրություններ ուղարկելու ձևը: Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

23.21.1.71 կոդային համարով iPhone-ների համար նախատեսված WhatsApp-ի բետա տարբերակի չատի դիզայնում արված փոփոխությունները նպատակ ունեն հեշտացնել ձայնային և տեսահաղորդագրություններ ընտրելու ֆունկցիան։

Եթե ​​նախկինում օգտատերը խոսափողի կամ տեսախցիկի պատկերակը սեղմելու միջոցով էր անցում կատարում ձայնային կամ տեսահաղորդագրություն ուղարկելու ռեժիմների միջև, ապա այժմ պատկերակի վրա սեղմելիս կբացվի ընտրացանկ, որտեղ կարելի է ընտրել ցանկալի ռեժիմը՝ ձայնային կամ տեսահաղորդագրություններ:

WhatsApp-ի մասնագետները նշել են, որ այս փոփոխությունն արվում է օգնելու համար անուշադիր օգտատերերին, որոնք պատահաբար մեկից ավելի անգամ են սեղմում խոսափողի պատկերակի վրա և այնուհետև ձայնային հաղորդագրության փոխարեն տեսահաղորդագրություն են ուղարկում՝ առանց դրա մասին իմանալու: Այս փոփոխության դեպքում արդեն ցանկալի ռեժիմն ընտրելուց հետո ձայնային կամ տեսահաղորդագրության ձայնագրումը սկսելու համար հարկավոր կլինի սեղմած պահել համապատասխան պատկերակը:

Ռեժիմների միջև անցման նոր ընտրացանկը ներկայումս հասանելի է որոշ բետա փորձարկողների համար, որոնք TestFlight-ից տեղադրել են iOS-ի համար WhatsApp-ի ընթացիկ բետա տարբերակը: Հայտնի չէ, թե երբ նորամուծությունը կհայտնվի այլ օգտատերերի մոտ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը նոր գործառույթ է մշակում, որը հնարավորություն կտա չատերը գաղտնաբառով արգելափակել։

Comments (0)
Add Comment