Աջարիան Հայաստանի բնակիչների համար առաջին հերթին ծովն է և դրա հետ կապված ամեն ինչ։ Լողափ, լող, ջրային զվարճանքներ, գումարած համեղ վրացական ուտեստներ: Այն մեզ համար նաև ամենահասանելի ուղղություններից է, որտեղ կարող եք հասնել մեքենայով, գնացքով և ամենաարագը՝ ինքնաթիռով:
Ինքնաթիռով 40 րոպեում Երեւանից հասնում ենք Բաթումի օդանավակայան, լուսադեմին քաղաքը մեզ դիմավորում է անձրևով եւ մառախուղով, որը ճեղքում են կառուցվող երկնաքերերի ուրվագծերը, Radisson հյուրանոցի բրենդային թեք կողերը, այբուբենի աշտարակը և FerrisWheel-ը՝ սատանայի անիվը աշտարակին: Արևածագը դիմավորում ենք պողպատագույն ծովի մոտ, հետո զբոսնում հին քաղաքով։
Մեր էքսկուրսավարը ներկայացնում է քաղաքի պատմությունը՝ 300 տարի օսմանյան տիրապետություն, այնուհետև որպես Ռուսական կայսրության մաս՝ պորտո–ֆրանկո՝ ազատ նավահանգստի կարգավիճակում։ 19-րդ դարի գեղեցիկ առանձնատներ, որտեղ ապրում էին քաղաքի նշանավոր դեմքերը։ Հրապարակը, քաղաքային թատրոնը և Մեդեայի արձանը՝ ոսկե գեղմով, այն ոսկե գեղմով, որի համար արգոնավորդները նավարկեցին դեպի հին Կոլխիդայի ափերը:
Բաթումը բազմադավան քաղաք է. այստեղ ուղղափառ եկեղեցիների կողքին մզկիթ է, սինագոգ, ու նաեւ Հայ Առաքելական եկեղեցին, որը հին քաղաքի հենց կենտրոնում է։
Մոտ երկուսուկես կմ երկարությամբ ճոպանուղին մեզ հասցնում է սարի գագաթ, որտեղից բացվում է ծովի խելահեղ տեսարան։
Հետո ջրային զվարճանքներ՝ բազմատեսակ զբոսանավեր, մոտորանավակներ և ծովի վրա ճախրող պարաշյուտներ։
Տեղական գինիների համտեսում գողտրիկ խանութում, որտեղից բոլորը հեռանում են մի քիչ գինովցած՝ իրենց հետ տանելով մի քանի շիշ գինի։
Երեկոյան զբոսանք Բաթումի հայտնի բուլվարով՝ բազմաթիվ սրճարաններով ու ռեստորաններով՝ զվարճանքի ու ժամանցի տարատեսակ հնարավորություններով: «Տղամարդը և կինը» կամ «Ալին և Նինոն» արձանախումբը, որը դարձել է ժամանակակից Բաթումի խորհրդանիշը, երեկոյան լուսավորության ներքո պատմում է տարբեր կրոններ դավանող երկու պատանիների ողբերգական սիրո պատմությունը։
Եվ գիշերային ծովը…
Բայց ծովը զբոսաշրջիկներին գրավող Աջարիայի միակ հարստությունը չէ։ Տարածաշրջանի զբոսաշրջության դեպարտամենտը փորձում է դիվերսիֆիկացնել զբոսաշրջային ուղղությունները և Աջարիան դիրքավորել որպես ակտիվ հանգստի վայր՝ տարվա բոլոր չորս եղանակներին:
«Աջարիան ծովի և լեռների յուրահատուկ խառնուրդ է, ինչը նման փոքր տարածաշրջանին հնարավորություն է տալիս զարգացնել զբոսաշրջության գրեթե բոլոր ուղղությունները։ Գոդերձի հանգստավայրում, որտեղ ձյան սեզոնը տևում է նոյեմբերից մարտ, նոր ճոպանուղիներ եւ լեռնադահուկային սահուղիներ են կառուցվում»
Այսպիսով, ձմռանը կարող եք գնալ ծով և դահուկներ քշել, ասում է Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի ներկայացուցիչը։: Իսկ Չիրուխի մունիցիպալիտետում կառուցվում է Եվրոպայի ամենաերկար երկգծանի զիփլայնը։
Ծովից մեքենայով 10-15 րոպե, և հայտնվում ես գետերով, լճերով և ջրվեժներով հարուստ լեռներում։ Օրինակ, երկու գետերի հանդիպման այս վայրում, միջնադարյան կամրջի մոտ, որոնցից ի դեպ շատ կա Վրաստանում, և բոլորը կրում են Թամար թագուհու անունը: Անկախ նրանից, թագուհու օրոք են կառուցվել, թե ոչ։ Պարզապես Բագրատիոնների տոհմից Թամար թագուհին ամենասիրված պատմական կերպարներից է Վրաստանում: Ինչպես մեզ համար՝ Տիգրան Մեծ արքան: Թագուհու օրոք Վրաստանը զգալիորեն ընդլայնել է իր սահմանները։
Հետո այցելություն տիպիկ աջարական հյուրատուն, որտեղ մատուցում են ավանդական աջարական խաչապուրի՝ ընտանեկան բաղադրատոմսով։
Աջարիայի ողջ ափի երկայնքով կան մի քանի հանյտնի ծովափնյա հանգստավայրեր՝ Սարփի, Գոնիո, Ցիխիզձիրի, Քոբուլեթի, Ուռեկի… Դրանց միջև՝ չորս ազգային պարկերը՝ հարուստ բուսական և կենդանական աշխարհով։
Այս լողափերը անընդհատ զարգանում են՝ զբոսաշրջիկներին առաջարկելով նոր, բարձրորակ ծառայություններ։
Ցիխիզձիրիի CASTELLO MAREն վերջին տարիներին կառուցված հյուրանոց է՝ ժայռից կախված լողավազանով։ Նեղ լեռնային արահետը անտառի միջով տանում է դեպի գողտրիկ լողափ։ Հենց սա է Աջարիայի գրաչվությունը. ծովը, լեռները և անտառը՝ մեկ տեղում:
Բայց ամենակախարդականը Բաթումի բուսաբանական այգին է։ Այստեղ բլուրներից արտասովոր ծառեր են վեր հառնում, իսկ սաղարթները ճեղքում են արևն ու ծովը։ Ամաչկոտ միմոզան խոնարհում է տերևները նույնիսկ նուրբ հպումից։
Զիփլայն կիրճի վրայով՝ սուր զգացողությունների սիրահարների համար, և կրկին ծովը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։
Պատահական չէ, որ այս տարի Աջարիան արժանացել է զբոսաշրջության Օսկար համարվող՝ Worldtravelawards-ին՝ որպես եվրոպական տուրիստական ուղղություն՝ բոլոր սեզոնների համար։ Առանձին մրցանակ է ստացել նաև Բաթումի բուսաբանական այգին, որը հաղթող է ճանաչվել «Եվրոպայի առաջատար բուսաբանական այգի» անվանակարգում։ Աջարիայում այս հաջողության վրա կանգնել չեն պատրաստվում։ Մտադիր են զբոսաշրջիկների թիվը 2025 թվականին հասցնել 6 միլիոնի։
Աջարիա զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է, նրանց թիվն այս տարի արդեն զգալիորեն գերազանցել է նախաքովիդային ցուցանիշները, ասում է Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի ղեկավար Թինաթին Զոիձեն։
«Տարածաշրջան այցելուների թիվը 2022-2023 թվականներին արդեն գերազանցել է չորս միլիոնը՝ նախահամաճարակային շրջանի համեմատ աճելով 24%-ով։
Մեզ մոտ աճում է հատկապես հարևան երկրների՝ այդ թվում՝ Հայաստանի զբոսաշրջիկների թիվը, որը նույնպես մեր ավանդական շուկաներից է։ Հայաստանը մեզ համար ռազմավարական թիրախային ուղղություն է, հայերը սիրում են այցելել Բաթում, և մենք մշակում ենք զբոսաշրջային արտադրանք՝ հատուկ հայկական շուկայի համար, օրինակ՝ ծովային ուղղությամբ։
Միաժամանակ աճ ունենք եվրոպական ուղղություններից, որտեղից ուղիղ չվերթներ են գործում դեպի Բաթումի միջազգային օդանավակայան։ Ունենք զբոսաշրջիկների թվի 100% աճ Բալթյան երկրներից, 12% Գերմանիայից, զգալի աճ Իսրայելից, Ծոցի երկրներից, Ղազախստանից, Ուզբեկստանից։
Մենք ակտիվորեն աշխատում ենք յուրաքանչյուր երկրի հետ։
Մշակութային և պատմական տուրիզմի սիրահարներին կգրավեն Աջարիայի երկու հնագույն ամրոցնեըր՝ Պետրան և Գոնիոն։
6-րդ դարի Պետրա ամրոցը հինավուրց ամրակառույց է ժայռոտ ծովափին։ Բերդն անցել է բյուզանդացիներից պարսիկներին, օսմանցիներից ռուսներին — ծանոթ պատմություն է, չէ՞:
Գինեգործությունը Աջարիայում բազմադարյա պատմություն ունի։ Այստեղ մինչեւ օրս խնամքով պահպանում են վրացական կարասի՝ քվեվրիի մեջ գինի պահելու ավանդույթը, թեև օգտագործում են նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։
Եվ վրացական ավանդական հյուրասիրություն։ Սեղանները դրված են հենց խաղողի այգու մեջտեղում, լի տեղում՝ օջախի վրա պատրաստված համեղ ուտեստներով: Վրացական երգչախումբը՝ բազմաձայն կատարումով, ու պարը… այս կրակոտ, գունեղ վրացական պարը։