«Այն, ինչը որ թվարկվում է՝ լինի տրանսպորտի, աղբահանության, մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների հարց, դրանք շատ կարևոր են, բայց բավարար չեն։ Մենք բոլորս ուզում ենք այստեղ՝ մայրաքաղաք Երևանում, լինի անվտանգ, մարդիկ ապրեն սոցիալապես ապահով, մենք հպարտանանք, որ այսպիսի մայրաքաղաք ունենք և մեր հյուրերին էլ դա ցույց տանք»,- այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նայում կայանալիք քաղաքապետի ընտրություններին։
«Երևանի քաղքապետի ընտրություններին, հատկապես այսօրվա քաղաքական իրողությունների պարագայում, պետք է նայել երկրում արմատական քաղաքական փոփոխությունների տեսանկյունից: Եթե Երևանում նորից Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթի՝ խոստանալով, որ մետրո կկառուցի, տրանսպորտը կկարգավորի, սուտ է: Մինչև այժմ նա իր ոչ մի խոստումը լիարժեք չի կատարել: Եվ ընտրություններից հետո էլ, ցանկացած հակահայկական քայլ անելուց, բոլորիս լռեցնելու է՝ ասելով, որ Հայաստանի ընտրողների մեծամասնությունն իր թիմին հերթական անգամ վստահության քվե են տվել: Ամենավստահելին այն ուժն է, որը քաղաքապետի ընտրություններին վերաբերվում է համահայկական շահի տեսանկյունից:
Ռուսաստանի հայերի միությունը ներկայացնում է ոչ միայ Ռուսաստանի քաղաքացի հայերին, այլև այդ երկրում ապրող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին: Մեզ համար Երևանի քաղաքապետի ընտրությունը կարևորագույն նշանակություն ունի: Այսօր սկսվում է նախընտրական քարոզչությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք ուշի ուշով կհետևենք թեկնածուների քարոզչությանը, կուսումնասիրենք նրանց ծրագրերը և հանդես կգանք հստակ հայտարարությամբ, թե ում ենք տալու մեր նախապատվությունը:
Այսօր, ցավոք, շատերն իրենց հեռու են պահում և չեն խառնվում քաղաքական կյանքին՝ հիմնավորելով, թե իրենք բիզնես ունեն ու լավ են։ Ցավոք, այդպես շատերի համար պետության-պետականության շահ գոյություն չունի»,- ասաց Աբրահամյանը։