Բրիթնի Սփիրսը` Սեմ Ասգարիից ամուսնալուծվելու մասին. «Ես այլեւս չէի կարող տանել ցավը»

Բրիթնի Սփիրսը ամուսնու՝ Սեմ Ասգարիի՝ ամուսնալուծության հայցից հետո խախտել է լռությունն՝ ասելով, որ «այլեւս չի կարող տանել այս ցավը»:

Նա նշել է, որ իրենց ամուսնալուծությունը «ոչ մեկի գործը չէ», սակայն երգչուհին խոստովանել է, որ «մի փոքր ցնցված է» իրադարձությունների զարգացումից։ «Ինչպես բոլորը գիտեն, ես եւ Հեսամն այլեւս միասին չենք… 6 տարին երկար ժամանակ է ինչ-որ մեկի հետ լինելու համար, այնպես որ ես մի փոքր ցնցված եմ»,-իր պարային տեսանյութին կից գրել է փոփ աստղը։

«Ես այստեղ չեմ բացատրելու, թե ինչու, որովհետեւ դա, անկեղծ ասած, ոչ մեկի գործը չէ։ Բայց ես այլեւս չէի կարող տանել այս ցավը»,-շարունակել է նա։ Սփիրսը նշել է, որ իր Instagram-ը ցույց է տալիս մի կյանք, որը «հեռու է իրականությունից»։ «Ես կցանկանայի ցույց տալ իմ հույզերն ու արցունքները, այն, ինչ իրականում զգում եմ, բայց ինչ-ինչ պատճառներով ես միշտ ստիպված եմ եղել թաքցնել իմ թույլ կողմերը»,-ասել է նա,-«Բայց հենց այդ ժամանակ էր, որ ինձ ամենից շատ ընտանիք էր պետք։ Քեզ պետք է անվերապահորեն սիրեն…»։

Սփիրսը եզրափակել է իր գրառումը՝ նշելով, որ կլինի այնքան ուժեղ, որքան կարող է եւ կանի առավելագույնը։ «Իսկ, ընդհանուր առմամբ, ես լավ եմ։ Ինչեւէ, լավ օր անցկացրեք եւ մի մոռացեք ժպտալ»։

Սփիրսն ու Ասգարին առաջին անգամ տեսել են միմյանց երգչուհու «Slumber Party» տեսահոլովակի նկարահանման հրապարակում՝ 2016 թվականի հոկտեմբերին։ Զույգը շուտով սկսեց հանդիպել, բայց իրենց սիրավեպը հեռու պահեցին հանրությունից, քանի որ Սփիրսը այդ ժամանակ գտնվում էր իր հոր խնամքի տակ: Ասգարին նրան ամուսնության առաջարկություն է արել 2021 թվականի սեպտեմբերին՝ երգչուհու նկատմամբ խնամակալությունը դատարանի որոշմամբ դադարեցնելուց երկու ամիս անց։  

Comments (0)
Add Comment