Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պաշտոնական կայքի գլխադիր լուսանկարներից հեռացրել է Կիլիան Մբապեի պատկերը։
24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նախնական բանավոր պայմանավորվածության համաձայն գործող պայմանագիրը մինչեւ հուլիսի 31-ը պետք է երկարաձգեր մեկ տարով՝ մինչեւ 2025թ․ հունիս։
Մբապեն հրաժարվել էր կատարել խոստումը։ Նա ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում անվճար տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել Մբապեին։ Պայմանագիրը չերկարաձգելու դեպքում՝ նա կհեռացվի թիմից եւ հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի հանդիպումների։
Մբապեին մեկ տարով վարձակալելու ցանկություն ունեն Սաուդյան Արաբիայի ակումբներ եւ անգլիական «Լիվերպուլը», սակայն ֆուտբոլիստը չի ընդունում այդ առաջարկները։ Մադրիդի «Ռեալից» տրանսֆերի պաշտոնական առաջարկ ՊՍԺ-ն չի ստացել։