Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ-ից Արցախ է ուղարկվում մոտ 400 տոննա հումանիտար օգնություն, ինչի հետ կապված բավական հետաքրքիր ու ուշագրավ աղմուկ բարձրացրեցին իշխանական ֆեյքերն ու քարոզիչները։ Մի ուրախություն, մի խինդ, մի փառք, ու նմանօրինակ պահվածք ողջ սոցցանցային հարթակներում ու սպասարկող կայքերի մեկնաբանություններում։
Ինչպես և կանխատեսում էին մի շարք սթափ ու սառը գլխով մտածող փորձագետներ ու պրոֆեսիոնալներ, Երևանից Ստեփանակերտ ուղևորվող բեռները մինչ այս պահը դեռևս չեն հասել նպատակակետին, քանի որ Կոռնիձորի հատվածում դրանք կայանած են և սպասում են համապատասխան զարգացումների (խաղապահներն ուղեկցեն, ԵՄ դիտորդները նկարեն և այլն)։ Հատկանշական է, որ արդեն մոտ 10 օր է, ինչ ադրբեջանական կողմը խոսում է Աղդամով դեպի Ստեփանակերտ հումանիտար իջանցք տալու մասին, ավելին՝ այդ մասին Ադրբեջանում խոսվում է ամենաբարձր մակարդակով։ Դրանից բացի խոսվում է, որ արցախցիները կարող են գնալ Աղդամ և այնտեղից ձեռք բերել իրենց անհրաժեշտ պարագաներն ու սննունդը, և սա, ըստ ադրբեջանական կողմի, բացառապես Ադրբեջանի ներքին տիրույթում կարգավորվող խնդիր է և ունի շատ հեշտ լուծում։
Դեռևս ամիսներ առաջ ադրբեջանական քարոզչական լրատվականները հենց նման մի սցենարի մասին էին խոսում, երբ դեռևս Լաչինի միջանցքը բլոկադայի էին ենթարկել կեղծ բնապահպանների կողմից։ Մասնավորապես խոսվում էր, որ «վայրի կատվին», տվյալ դեպքում խոսքն Արցախի մասին է, կարելի է շատ հեշտ դարձնել ընտանի ձեռնասուն. եթե նրան սոված պահես և աստիճանաբար սկսես ենթարկեցնել քեզ, նա դառնում է հլու հնազանդ, սկսում է լսել քո բոլոր ցանկությունները, ապա կատարել հրամանները և, շատ կարճ ժամանակ անց, դառնում է քո ամենահավատարիմ ձեռնասունը։ Նշվում էր, թե սոված մնալու դեպքում մարդիկ ուզեն, թե ոչ, պետք է սկսեն փնտրել առևտրի տարբերակ՝ սնունդ հայթհայթել, իսկ սնունդը նրանց առաջարկվելու է Աղդամից: Ադրբեջանական կողմն ունի վստահություն, որ վաղ թե ուշ այդ սխեման աշխատելու է և արցախցին իր իսկ կամքով գնալու է այդ քայլին։ Ի դեպ՝ ադրբեջանական սխեմայի հաջորդ փուլում այդ գործընթացին տրվելու է ավելի պաշտոնական մակարդակ՝ մասնավորապես, աստիճանաբար առևտուրը իրականցվելու է մանաթով, որից հետո առաջ է գալու անձնագրերի հարցը։ Սա ադրբեջանական այսօրվա հայեցակարգի մի փոքր մասն է, որով նրանք գնում են առաջ, և որին լռությամբ լսում ու հնազանդ կատարում են ՀՀ-ում նստած վարչախմբի ներկայացուցիչները՝ Նիկոլի գլխավորությամբ: Ավելին, ոչ միայն կատարում են, այլև Սամվել Բաբայանի բերանով Արցախից ուղերձներ են տարածում, թե՝ «ի՞նչ կա դրա մեջ, առևտուր ա էլի, դրա մեջ ոչ մի վտանգ էլ չկա»։
Արմեն Հովասափյան