Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի հետ կապված շատ անդրադարձներ կան, տարբեր փորձագետներ, ոլորտային մասնագետներ և ուղղակի հասարակ մարդիկ իրենց գնահատականներն ու կարծիքներն են հայտնում Փաշինյանի տարբեր ասածների ու պնդումների վերաբերյալ։ Փաշինյանը փորձում էր երկու զուգահեռ իրականություն պատկերել՝ մի հատվածում վերահաստատել նախկինում իր կողմից առաջ քաշած դրույթները, մյուսում՝ որոշակի փաթեթավորումներով հանրային դիսկուրսում նոր թեզեր գեներացնել և որոշակի ակնարկներով ինչ-ինչ ակնարկներ հասցնել մարդկանց։
Փաշինյանը վերջնականապես հաստատեց, որ Արցախի թեմայում ինքը չկա, ոչ մի բան իրենից կախված չէ և այդ հարցն իր համար այլևս փակված է: Ավելին՝ ուղիղ ձևով նշեց, որ Արցախի բոլոր խնդիների հասցեատերերն Արցախի իշխանություններն են։ Թեև շարունակում է պնդել, որ ինքը մանդատ չունի և իրավունք էլ չունի խոսել, առավել ևս բանակցել Արցախի թեմայով, սակայն իրականությունում հենց ինքն է ամեն նպաստավոր պայմաններ ստեղծել՝ Արցախի հարցն ամբողջապես գերեզման իջեցնելու համար։
Ասուլիսի հիմնական մեխը, որով Նիկոլը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը՝ հայատյացությունն է։ Նրա խոսքում ակնայտ հակահայկական թեզեր էին, ոչ մի պրոհայկական բնորոշում ու պնդում 5 և ավելի ժամվա ընթացքում չհնչեց։ Հայատյացությունը նա տիրաժավորեց արցախահայության և Արցախի բարբառի նկատմամբ ցուցադրված իր տհաճության և դեմքի խոժոռ արտահայտությամբ, երբ լրագրողներից մի քանիսը նրան հարցեր ուղղեցին՝ ներկայացնելով ձայնագրություններ։ Հաջորդը «մուննաթ-զուննաթի» տոնն էր, որով նա փորձում էր շեշտել, թե «էդ Ղարաբաղի բարբառով խոսելը դեռ հերոսություն չի նշանակում» կամ «Լեռնային Ղարաբաղին փող ենք տալիս, որ թոշակ տան», պնդումներն ասվածի վկայություններն են։
Նիկոլը մոռանում է, որ այդ «փող տալ» հասկացությունն իր հոր տնից չի տալիս կամ լավություն անում, այլ ՀՀ քաղաքացիներից հավաքագրված հարկերն են, որոնցով պետբյուջեի որոշակի հատկացումներ են տրամադրվում՝ վարկի տեսքով։ Արցախից փախչելու հետ կապված՝ նա ,այդ կեղծ օրակարգով, հերթական ատելության ու հակակրանքի մթնոլորտ առաջացնելու միտում էր ակնկալում՝ ՀՀ-Արցախ հարաբերություններում սեպ խրելու իր «պատմական առաքելության» տիրույթում։ Արհեստականորեն տպավորություն է ստեղծում, թե արցախցիները զանգվածաբար ճողոպրել են պատերազմից։ Այլ կերպ ասած՝ արցախցուն միտումնավոր գնահատում և պատկերում է Երևան տեղափոխվածների կերպարով՝ գիտակցաբար մոռացության մատնելով հարյուրավոր զոհերին, վիրավորներին, կռվողներին, նրանց ընտանիքներին։ Սա մի գործելաոճ է, որն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում Փաշինյանը ստորաբար կիրառել է ու, ցավոք սրտի, ունեցել ինչ-ինչ հաջողություններ։
Արմեն Հովասափյան